Հարց. Աստուած գոյութիւն ունի՞:
Պատասխան.
Աստուծոյ գոյութիւնը հնարաւոր չէ ապացուցել կամ հերքել: Աստուածաշունչն ասում է, որ հաւատքով պէտք է ընդունենք Աստուծոյ գոյութիւնը. «Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել Աստծուն, որովհետեւ Աստծուն մօտեցողը պէտք է հաւատայ, որ Նա կայ եւ Իրեն փնտրողներին վարձահատոյց կլինի» (Եբր. 11.6): Եթէ Աստուած ուզէր, պարզապէս կարող էր յայտնուել եւ ողջ աշխարհին ապացուցել Իր գոյութիւնը: Սակայն, եթէ այդպէս անէր, այլեւս հաւատքի կարիք չէր լինի:
«Յիսուս ասաց նրան. «Քանի որ տեսար ինձ՝ հաւատացիր, երանի՜ նրանց, ովքեր չեն տեսել, բայց հաւատում են» (Յովհ. 20.29):
Սակայն սա չի նշանակում, որ Աստուծոյ գոյութեան ապացոյցներ չկան: Աստուածաշունչն ասում է.
«Երկինքը պատմում է Աստուծոյ փառքը, երկնքի հաստատութիւնը իմացնւմ է Նրա ձեռքերի գործը: Օրը օրին յայտնում է խօսքը, ու գիշերը գիշերին ցոյց է տալիս գիտութիւնը: Չկայ զրոյց ու չկան խօսքեր, ուր նրանց ձայնը չլսուի: Բայց ամէն երկիր է ելնում նրանց հնչիւնը, ու մինչեւ աշխարհի ծայրը՝ նրանց խօսքը» (Սաղմ. 19.1-4):
Երբ նայում ենք երկնքի աստղերին, փորձում ենք հասկանալ տիեզերքի մեծութիւնը, դիտում ենք բնութեան հրաշքները եւ զմայլւում մայրամուտի գեղեցկութեամբ. այդ ամենը ցոյց են տալիս Արարիչ Աստծուն: Իսկ եթէ սա էլ բաւարար չէ, մեր իսկ սիրտը վկայում է Աստուծոյ գոյութիւնը: Ժողովող 3.11 ասում է. «…Եւ մարդու մտքի մէջ յաւիտենութիւնը իմանալու փափագը դրեց»: Հոգու խորքում գիտակցում ենք, որ մի բան կայ այս կեանքից անդին, եւ մէկը կայ այս աշխարհից վեր: Մտքի մէջ կարող ենք մերժել այս իմացութիւնը, բայց Աստուծոյ ներկայութիւնը մեր մէջ եւ մեր շուրջը: Աստուածաշունչը, այսուհանդերձ, զգուշացնում է, որ ոմանք մերժելու են Աստուծոյ գոյութիւնը. «Անզգամն ասաց իր սրտում՝ Աստուած չկայ» (Սաղմ. 14.1): Քանի որ մարդկութեան պատմութեան մէջ բոլոր մշակոյթներում, բոլոր քաղաքակրթութիւններում, բոլոր աշխարհամասերում մարդկանց ճնշող մեծամասնութիւնը հաւատում է որեւէ աստուծոյ գոյութեանը, ապա մի բան (կամ անձ) պէտք է որ պատճառած լինի այս հաւատը:
Ի լրումն Աստուծոյ գոյութեան վերաբերեալ սուրբգրային փաստարկների՝ կան նաեւ տրամաբանական փաստարկներ: Առաջինը գոյաբանական (ontological) փաստարկն է: Սրա ամենայայտնի ձեւը Աստուծոյ գոյութիւնը ապացուցելու համար կիրառում է Աստուած հասկացութիւնը: Այս փաստարկն սկսւում է Աստուծոյ սահմանումով որպէս «էութիւն, որից աւելի մեծը անհնար է ըմբռնել»: Այնուհետեւ փաստարկւում է, որ գոյը աւելի մեծ է, քան չգոյը, հետեւաբար, ըմբռնելի ամենամեծ Էակը պէտք է գոյութիւն ունենա: Եթէ Աստուած գոյութիւն չունի, ուրեմն Նա ամենամեծ Էակը չէ, ինչը հակասում է Աստուծոյ վերոյիշեալ սահմանմանը:
Երկրորդը նպատակաբանական (teleological) փաստարկն է: Ըստ այս փաստարկի՝ քանի որ տիեզէրքը զարմանահրաշ կառուցուածք է ցուցնում, ապա այդ կառուցուածքը պէտք է որ իր աստուածային Ճարտարապետն ունենայ: Օրինակ, եթէ երկիրը որոշակիօրէն հեռու կամ մօտ լինէր արեգակին, ապա նրա վրայ կեանք չէր կարող լինել: Եթէ բնական տարրերը մեր մթնոլորտի մէջ նոյնիսկ մի քանի տոկոսով տարբեր լինէին, երկրի վրայ գրեթէ բոլոր կենդանի էակները կոչնչանային: Սպիտակուցի միայն մէկ մոլեկուլի պատահական սինթեզման հաւանականութիւնը 1-ը 10-ի 243 աստիճան (10 եւ 243 զրօ): Իսկ մէկ բջիջը կազմուած է սպիտակուցի միլիոնաւոր մոլեկուլներից:
Աստուծոյ գոյութեան երրորդ տրամաբանական փաստարկը տիեզերաբանական (cosmological) փաստարկն է: Ամէն հետեւանք պէտք է պատճառ ունենայ: Տիեզէրքը եւ նրանում եղող ամէն բան հետեւանք է: Մի բան պէտք է եղած լինէր, որ ամէն բան գոյացնէր: Հէնց այդ «անպատճառ» պատճառն էլ Աստուած է:
Չորրորդը բարոյաբանական (moral) փաստարկն է: Պատմութեան մէջ ամէն մշակոյթ օրէնքի որեւէ ձեւ ունեցել է: Ամէն մարդ չարի եւ բարու զգացում ունի: Սպանութիւնը, սուտը, գողութիւնը, անառակութիւնը բաներ են, որոնք գրեթէ բոլոր հասարակութիւնները մերժում են: Որտեղի՞ց է բարու եւ չարի, ճիշտ եւ սխալի համընդհանուր այս ըմբռնումը, եթէ ոչ՝ սուրբ Աստծուց:
Հակառակ այս ամենի՝ Աստուածաշունչը մեզ ասում է, որ մարդիկ Աստուծոյ մասին յստակ եւ անվիճելի իմացութիւնը մերժելու են եւ փոխարէնը կեղծիքին են հաւատալու: Հռոմայեցիս 1.25-ում ասւում է.
«Նրանք Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. եւ երկրպագեցին ու պաշտեցին ստեղծուածներին, քան թէ Ստեղծողին, որ յաւիտեանս օրհնեալ է. ամէն»:
Աստուածաշունչը նաեւ հռչակում է, որ մարդը արդարացում չունի Աստծուն չհաւատալու համար.
«Աշխարհի արարումից ի վեր Իր աներեւոյթ բնութիւնը, Իր մշտնջենաւոր զօրութիւնն ու աստուածութիւնը տեսնւում են ստեղծուածների միջոցով, այնպէս որ նրանք պատասխան չունենան տալու» (Հռոմ. 1.20)
Մարդիկ պնդում են, որ չեն հաւատում Աստծուն, քանի որ դա «գիտական» բան չէ կամ «ապացոյց չկայ»: Իրական պատճառն այն է, որ եթէ ընդունեն Աստուծոյ գոյութիւնը, պիտի ընդունեն նաեւ, որ պատասխանատու են Աստուծոյ առաջ եւ Նրա ներման կարիքն ունեն (Հռոմ. 3.23; 6.23): Եթէ Աստուած գոյութիւն ունի, ապա մենք հաշուետու ենք Նրան մեր արածների համար: Իսկ եթէ Աստուած գոյութիւն չունի, ապա ինչ որ ուզենք, կարող ենք անել առանց հոգալու, թէ Աստուած երբեւէ դատելու է մեզ: Ահա թէ ինչու շատերը, ովքեր մերժում են Աստուծոյ գոյութիւնը, ամուր կառչած են բնաշրջութեան (էվոլիւցիա) տեսութեանը, քանի որ յարմար այլընտրանք է Արարչի հանդէպ հաւատքին: Աստուած կայ, եւ բոլորն էլ գիտեն, որ կայ: Հէնց այն իրողութիւնը, որ ոմանք այդպէս թշնամաբար փորձում են հերքել Աստուծոյ գոյութիւնը, իրականում փաստում է հակառակը:
Իսկ մե՞նք ինչ գիտենք, որ Աստուած գոյութիւն ունի: Քրիստոնեաներս գիտենք Աստուծոյ գոյութիւնը, որովհետեւ ամէն օր զրուցում ենք Նրա հետ: Նրա ձայնը չենք լսում, բայց զգում ենք Նրա ներկայութիւնը, Նրա առաջնորդութիւնը, ճանաչում ենք Նրա սէրը, փափագում ենք Նրա շնորհը: Մեր կեանքում եղել են բաներ, որոնք հնարաւոր որեւէ այլ բացատրութիւն չունեն, քան այն, որ Աստուած կայ: Աստուած այնպէս հրաշալիօրէն փրկել է մեզ եւ փոխել մեր կեանքը, որ այլ բան չենք կարող անել, քան ընդունել եւ գոհանալ Նրա գոյութեամբ: Այս փաստարկներից ոչ մէկը չի կարող համոզել նրան, ով մերժում է ընդունել ակնյայտը: Ի վերջոյ, Աստուծոյ գոյութիւնը պէտք է ընդունուի հաւատքով (Եբր. 11.6): Աստծուն հաւատալը կոյր ցատկ չէ դէպի խաւարը, այլ վստահ ու ապահով քայլ է լուսավառ սրահում, որտեղ արդէն իսկ գտնւում է մարդկութեան մեծ մասը:
Աղբյուրը: GotQuesitons
- Հարցեր
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է:
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է: Պատասխան. Այս հարցի պատասխանը ոչ միայն ներկայացնում է մեր դիրքը Աստուածաշնչի հանդէպ եւ նրա նշանակութիւնը մեր …
Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:
Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: Պատասխան. Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած …