Հարց. Ի՞նչ է ասում Աստուածաշունչը ալկոհոլ պարունակող ըմպելիք խմելու մասին: Քրիստոնեային մե՞ղք է ալկոհոլ խմելը:
Պատասխան.
Աստուածաշունչը շատ բան է ասում ալկոհոլ խմելու վերաբերեալ (Ղեւտ. 10.9, Թուոց 6.3, Բ Օրին. 29.6, Դատ. 13.4, 7, 14, Առակ. 20.1; 31.4, Եսայիա 5.11, 22; 24.9; 28.7; 29.9; 56.12), սակայն խստիւ չի արգելում քրիստոնեային գարեջուր, գինի կամ ալկոհոլ պարունակող որեւէ այլ ըմպելիք խմելը: Ի դէպ, սուրբգրային որոշ համարներ ալկոհոլը դիտարկում են դրական առումով: Ժողովող 9.7 ասում է՝ «Գինիդ ուրախ սրտով խմիր»: Սաղմոս 104.14-15-ում կարդում ենք, որ «գինին զուարթացնում է մարդկանց սիրտը»: Ամովսը 9.14-ում Աստուծոյ օրհնութիւն է համարում սեփական այգուց գինի խմելը: Եսայիա 55.1 յորդորում է՝ «Եկէ՛ք… գինի ու կաթ ծախո՛ւ առէք»:
Այն, ինչից քրիստոնեաներին զգուշացնում է Աստուածաշունչը ալկոհոլի վերաբերեալ, հարբեցողութիւնն է (Եփես. 5.18): Սուրբ Գիրքը դատապարտում է հարբելը եւ դրա հետեւանքները (Առակ. 23.29-35): Քրիստոնեաներին պատուիրւում է նաեւ իրենց մարմինը որեւէ բանի «իշխանութեան» տակ չդնել (Ա Կորնթ. 6.12, Բ Պետր. 2.19): Ալկոհոլ չափից դուրս խմելը, անշուշտ, մոլութիւն է: Աստուածաշունչն արգելում է քրիստոնեային նաեւ այնպիսի բան անել, որ կարող է վիրաւորել այլ քրիստոնեաների կամ դրդել նրանց մեղանչելու իրենց խղճմտանքի դէմ (Ա Կորնթ. 8.9-13): Այս սկզբունքերի լոյսի ներքոյ հազիւ թէ որեւէ քրիստոնեայ ասի, թե չափից աւելի ալկոհոլ է խմում ի փառս Աստուծոյ (Ա Կորնթ. 10.31):
Յիսուս ջուրը գինու փոխեց: Յիսուս, թւում է, առիթի դէպքում գինի խմել է (Յովհ. 2.1-11, Մատթ. 26.29): Նոր Կտակարանի ժամանակներում ջուրը շատ մաքուր չէր: Առանց առողջապահական արդի պայմանների ջուրը յաճախ լի էր մանրէներով, բակտերիաներով, ամէն տեսակ անմաքրութեամբ: Նոյն վիճակն է այսօր «երրորդ աշխարհի» շատ երկրներում: Ահա թէ ինչու մարդիկ յաճախ գինի (կամ խաղողի հիւթ) էին խմում, որովհետեւ գինին գրեթէ չէր վարակւում: Ա Տիմոթէոս 5:23-ում Պողոսը յորդորում է Տիմոթէոսին ջրի փոխարէն գինի խմել (Տիմոթէոսը ստամոքսի ցաւ ուներ հաւանաբար անմաքուր ջրի պատճառով): Այն օրերում գինին խմորում էին (դարձնում էին ոգելից), թէեւ ոչ միշտ այն աստիճան, որքան այսօր: Ճիշտ չի լինի ասել, թէ դա զուտ խաղողի հիւթ էր, ճիշտ չի լինի ասել նաեւ, որ նոյնն էր, ինչ ներկայիս գինին: Կրկնենք. Աստուածաշունչը քրիստոնեաներին չի արգելում գարեջուր, գինի կամ ոգելից այլ ըմպելիք խմել: Ալկոհոլն ինքնին մեղսալի չէ, հարբեցողութինն ու մոլութիւնն է, որից պիտի բոլորովին զերծ լինի քրիստոնեան (Եփես. 5.18, Ա Կորնթ. 6.12):
Փոքր քանակութեամբ օգտագործուող ալկոհոլը վնասակար կամ մոլեկան չէ: Ի դէպ, բժիշկները երբեմն խորհուրդ են տալիս քիչ քանակութեամբ կարմիր գինի խմել առողջական կարիքներով, յատկապէս սրտի համար: Չափաւոր կերպով ալկոհոլ խմելը քրիստոնէական ազատութեան հարց է: Հարբելն ու մոլութիւնը մեղք է: Այսուհանդերձ, ոգելից խմիչքի եւ դրա հետեւանքների սուրբգրային զգուշացումը նկատի առնելով (որպէս գայթակղութեան աղբիւր եւ որպէս հնարաւոր վիրաւորանք այլոց հանդէպ)՝ քրիստոնեայի համար լաւագոյնը թերեւս ոգելից խմիչքից ձեռնպահ մնալն է:
Աղբյուրը: GotQuesitons
- Հարցեր
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է:
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է: Պատասխան. Այս հարցի պատասխանը ոչ միայն ներկայացնում է մեր դիրքը Աստուածաշնչի հանդէպ եւ նրա նշանակութիւնը մեր …
Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:
Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: Պատասխան. Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած …