Հարց. Ինչպէ՞ս կարող եմ յաղթահարել մեղքը իմ քրիստոնէական կեանքում:
Պատասխան.
Աստուածաշունչը տարբեր մի քանի միջոց է ներկայացնում՝ օգնելու մեզ յաղթահարելու մեղքը: Այս կեանքի ընթացքում մենք երբեք կատարելապէս չենք յաղթի մեղքին (Ա Յովհ. 1.8), թէեւ դա մշտապէս պիտի լինի մեր նպատակը: Աստուծոյ օգնութեամբ եւ Նրա Խօսքի սկզբունքներին հետեւելով՝ կարող ենք յարաճուն կերպով յաղթահարել մեղքը եւ աւելի ու աւելի նմանուել Քրիստոսին:
Առաջին միջոցը, ըստ Աստուածաշնչի, Սուրբ Հոգին է: Աստուած մեզ տուել է Սուրբ Հոգին, որպէսզի յաղթական լինենք մեր քրիստոնէական կեանքում: Գաղատացիս 5.16-25-ում Աստուած մեղքի գործերին հակադրում է Սուրբ Հոգու պտուղը: Այս հատուածում մեզ կոչ է արւում Հոգու մէջ ընթանալ: Բոլոր հաւատացեալներն էլ Սուրբ Հոգին ունեն, բայց այս հատուածն ասում է, որ պէտք է քայլենք Սուրբ Հոգու մէջ՝ Նրա հսկողութեան տակ: Սա նշանակում է մշտապէս ընտրել Սուրբ Հոգուն հետեւելու մեր կեանքում, քան թէ մեր մարմնի ցանկութիւններին:
Պետրոսի կեանքը ցոյց է տալիս, թէ ինչ փոփոխութիւն կարող է բերել Սուրբ Հոգին: Մինչեւ Սուրբ Հոգով լցուելը Պետրոսը երեք անգամ ուրացաւ Յիսուսին, այն էլ մինչեւ իր կեանքի վերջը Քրիստոսին հետեւելու խոստումից քիչ անց: Սուրբ Հոգին ընդունելուց յետոյ նա բացէիբաց ու համարձակ քարոզում էր հրեաներին Պենտեկոստէի տօնին:
Քրիստոնեան քայլում է Հոգով՝ ջանալով չմարել Հոգու կրակը (ինչպէս ասւում է Ա Թես. 5.19-ում), այլ ձգտում է լցուել Հոգով (Եփես. 5.18-21): Ինչպէ՞ս կարելի է Սուրբ Հոգով լցուել: Նախեւառաջ, դա Աստուած Ինքն է ընտրում, ինչպէս որ Հին Կտակարանում էր: Նա ընտրում էր անհատներ որեւէ գործ անելու Իր կամքով եւ լցնում էր նրանց Իր Հոգով (Ծննդ. 41.38, Ելից 31.3, Թուոց 24.2, Ա Թագ. 10.10 եւ այլն): Եփեսացիս 5.18-21-ը եւ Կողոսացիս 3.16-ը վկայում են, որ Աստուած ընտրում է նրանց, որոնք իրենք լցւում են Աստուծոյ Խօսքով: Այստեղից էլ մեղքը յաղթահարելու երկրորդ միջոցը:
Աստուծոյ Խօսքը՝ Սուրբ Գիրքը, ասում է, որ Աստուած տուել է մեզ Իր Խօսքը ամէն բարի գործի համար մեզ պատրաստելու (Բ Տիմ. 3.16-17): Նա մեզ սովորեցնում է՝ ինչպէս ապրել եւ ինչին հաւատալ, խրատում է, երբ սխալ ուղի ենք ընտրում, օգնում է վերադառնալ եւ մնալ ճիշտ ուղու վրայ: Եբրայեցիս 4.12-ը ասում է, որ Աստուծոյ Խօսքը կենարար է, ազդու, եւ ամէն երկսայրի սրից կտրուկ, որ, թափանցելով մեր սրտերը, կտրում է սրտի ու վերաբերմունքի խորարմատ մեղքերը: Սաղմոսերգուն Սաղմոս 119-ում խօսում է Խօսքի կենսփոխիչ զօրութեան մասին: Տէրը Յեսուին ասում է, որ իր թշնամիներին յաղթելու համար պէտք է չմոռանայ այս միջոցը, գիշեր ու զօր խորհի դրա վրայ եւ պահի Խօսքը: Եւ նա պահում էր Աստուծոյ Խօսքը նոյնիսկ երբ այն անիմաստ էր թւում իրեն ռազմական առումով, եւ դա էր նրա յաղթանակների գաղտնիքը Աւետեաց երկրի համար պատերազմելիս:
Մենք յաճախ անլուրջ ենք վերաբերւում այս միջոցին: Աստուածաշունչը ձեւականօրէն մեզ հետ տանում ենք եկեղեցի կամ օրական կարդում ենք մի քիչ, բայց ջանք չենք անում մտապահելու, նրա վրայ խորհելու, մեր կեանքում կիրառելու: Թերանում ենք խոստովանել մեր մեղքերը, որոնց համար Սուրբ Գիրքը մեզ յանդիմանում է, թերանում ենք փառաբանել Աստծուն Իր Խօսքից առած մեր շնորհների համար: Աստուածաշնչին յաճախ վերաբերւում ենք անորեքսիկ (անախորժութիւն) կամ բուլիմիկ (գերսովածութիւն) հիւանդի պէս. կա՛մ ընդունում ենք այնքան, որ հոգեւոր քաղցից չմեռնենք (բայց այդպէս էլ չենք մարսում, որպէսզի առողջ ու կենսախինդ քրիստոնեայ լինենք), կա՛մ շատ յաճախ ենք ուտում, բայց բաւարար չափով չենք մտորում նրա շուրջ, որպէսզի հոգեւոր սնուցում առնենք նրանից:
Եթէ սովորութիւն չունէք Աստուծոյ Խօսքն ամէն օր սերտելու եւ մտապահելու, շատ կարեւոր է, որ սա սովորութիւն դարձնէք: Շատերին օգնում է օրագիր պահելը. անմիջապէս գրառում են այն, ինչ որ սովորում են Խօսքից: Ոմանք գրի են առնում իրենց աղօթքները՝ խնդրելով Աստծուն օգնել կեանքի այս կամ այն բնագաւառում փոխուելու: Աստուածաշունչը գործիք է, որը Սուրբ Հոգին գործածում է մեր կեանքում (Եփես. 6.17), էական ու կարեւոր մասն է այն սպառազինութեան, որ Աստուած տալիս է մեզ մեր հոգեւոր պատերազմում (Եփես. 6.12-18):
Մեղքի դէմ պայքարում երրորդ կարեւոր միջոցը աղօթքն է: Դարձեալ, քրիստոնեաները յաճախ բերանով ասում են, բայց թերի են գործածում աղօթքի միջոցը: Աղօթաժողովներ ենք անում, որոշակի ժամ ենք յատկացնում, բայց աղօթքը չենք գործածում այնպէս, ինչպէս նախնի եկեղեցին (Գործք 3.1; 4.31; 6.4; 13.1-3): Պօղոսը շարունակ յիշատակում է, թէ ինչպէս է աղօթում նրանց համար, որոնց ծառայել է: Աստուած մեզ հրաշալի խոստումներ է տուել աղօթքի վերաբերեալ (Մատթ. 7.7-11, Ղուկ. 18.1-8, Յովհ. 6.23-27, Ա Յովհ. 5.14-15): Պօղոսը աղօթքը ներառում է հոգեւոր պատերազմի մեր սպառազինութեան նկարագրութեան մէջ (Եփես. 6.18):
Որչա՞փ կարեւոր է աղօթքը մեղքը մեր կեանքում յաղթահարելու գործում: Տեսնենք ինչ է ասում Քրիստոս Պետրոսին Գեթսեմանիի պարտէզում, վերջինիս ուրացումից քիչ առաջ: Մինչ Յիսուս աղօթում է, Պետրոսը քնած է: Յիսուս արթնացնում եւ աում է նրան. «Արթո՛ւն կացէք ու աղօթեցէ՛ք, որ փորձութեան մէջ չընկնէք. հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար» (Մատթ. 26.41): Մենք էլ, Պետրոսի պէս, ցանկանում ենք անել այն, ինչ ճիշտ է, բայց ուժ չունենք: Դրա համար պիտի հետեւենք Աստուծոյ խորհրդին. շարունակենք փնտրել, շարունակենք բախել, շարունակենք խնդրել, եւ Նա անհրաժեշտ ուժը կտայ մեզ (Մատթ. 7.7): Աղօթքը մոգական նշանաբան չէ: Աղօթքի միջոցաւ պարզապէս ընդունում ենք մեր սահմանափակ լինելը եւ Աստուծոյ անսպառ զօրութիւնը, աղօթքով դիմում ենք Նրան զօրութիւն առնելու, որպէսզի անենք այն, ինչ Նա է ուզում, ոչ թէ մենք (Ա Յովհ. 5.14-15):
Չորրորդ միջոցը եկեղեցին է, միւս հաւատացեալների ընկերակցութիւնը: Յիսուս Իր աշակերտներին զոյգ-զոյգ ուղարկեց (Մատթ. 10.1): Գործքում կարդում ենք, որ առաքելական միսիոներները մենակ չէին ճամփորդում, այլ խմբով՝ երկու կամ աւելի հոգով: Յիսուս պատուիրում է մեզ մէկտեղ ժողովուելը չթողնել՝ սիրոյ եւ բարի գործերի մղելով միմեանց (Եբր. 10.24-25), մէկմէկու խոստովանել մեր մեղքերը (Յակ. 5.16): Հին Կտակարանի իմաստասիրական գրքերում կարդում ենք, որ ինչպէս երկաթը երկաթ է սրում, այնպէս էլ մարդը «սրում է իր բարեկամի երեսը» (Առակ. 27.17): Երեքտակ թելը շուտ չի կտրւում (Ժող. 4.11-12):
Շատ քրիստնեաների՝ յամառ մեղքերից ազատուելու համար մեծապէս օգնում է հաշուետու ընկեր ունենալը՝ եղբայր կամ քոյր, որին խոստովանում են, ով իր հետ զրուցում է, աղօթում է, յորդորում է, նոյնիսկ յանդիմանում է: Բոլորս էլ ենթակայ ենք գայթակղութեան (Ա Կորնթ. 10.13): Հաշուետու ընկերը կամ խումբը կարող է տալ մեզ քաջալերանքի ու շահագրգռութեան մեզ անհրաժեշտ բաժինը նոյնիսկ ամենակայուն, ամենայամառ մեղքերը յաղթահարելու համար:
Երբեմն փոփոխութիւնը արագ է գալիս, երբեմն էլ յաղթանակը տրւում է դանդաղ ու դժուարին: Աստուած խոստացել է մեզ, որ եթէ գործածենք այն միջոցները, որ Նա տուել է մեզ, Նա յարաճուն կերպով փոփոխութիւն կբերի մեր կեանքին: Կամքով հաստատ ու տօկուն լինենք մեղքին յաղթելու՝ վստահ, որ Տէրը հաւատարիմ է Իր խոստումներին:
Աղբյուրը: GotQuesitons
- Հարցեր
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է:
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է: Պատասխան. Այս հարցի պատասխանը ոչ միայն ներկայացնում է մեր դիրքը Աստուածաշնչի հանդէպ եւ նրա նշանակութիւնը մեր …
Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:
Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: Պատասխան. Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած …