Հարց. Մահից յետոյ կեանք կա՞
Պատասխան.
Յետմահու կեանքի գոյութիւնը համամարդկային հարց է: Յոբը կարծես ամենքիս անունից ասելիս լինի՝
«Կնոջից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լի է ցաւով: Ծաղկի պէս ծլում է, թօշնում է եւ փախչում է ստուէրի պէս ու չի մնում: … Եթէ մարդը մեռնի, մի՞թէ կկենդանանա՞յ» -Յոբ 14.1-2,14
Յոբի նման գրեթէ բոլորիս էլ տանջում է նոյն հարցը. Իսկապէս՝ ի՞նչ է լինում մահից յետոյ: Արդեօ՞ք պարզապէս դադարում ենք գոյութիւն ունենալ: Արդեօ՞ք կեանքը պտտուող դռան պէս մի բան է, որով գալիս ու գնում ենք այս աշխարհից՝ ի վերջոյ մեր անձի մեծութեանը հասնելու համար: Բոլոր մարդիկ նոյն տե՞ղն են գնում, թէ՞ տարբեր տեղեր: Երկինք ու դժոխք գոյութիւն ունե՞ն վերջապէս:
Աստուածաշունչն ասում է, որ մահից յետոյ ոչ միայն կեանք կայ, այլեւ՝ յաւիտենական կեանք կայ, այնքան փառաւոր, որ
«Ինչ որ աչքը չտեսաւ, ու ականջը չլսեց եւ մարդու սիրտը չընկաւ, Աստուած այն Իրեն սիրողների համար պատրաստեց» -Ա Կորնթ. 2.9
Յիսուս Քրիստոս, մարմնացեալն Աստուած, աշխարհ եկաւ, որ մեզ յաւիտենական կեանքի պարգեւը տայ:
«Նա մեր մեղքերի համար խոցուեց եւ մեր անօրէնութիւնների համար զարկուեց. մեր խաղաղութեան պատիժը նրա վրայ եղաւ, եւ Նրա վէրքերով մենք բժշկուեցինք» — (Եսայիա 53.5):
Յիսուս Իր վրայ առաւ այն պատիժը, որին մեզնից իւրաքանչիւրն արժանի է, եւ մեզ համար Իր կեանքը պատարագեց: Մահից երեք օր անց ապացուցեց Իր յաղթութիւնը՝ գերեզմանից յարութիւն առնելով: Քառասուն օր շարունակ մնաց երկրի վրայ, եւ հազարաւոր մարդիկ տեսան Նրան մինչեւ Իր երկինք համբարձուելը: Հռոմ. 4.25-ում ասում է՝
«մեր յանցանքների համար մահու մատնուեց եւ մեզ արդարացնելու համար յարութիւն առաւ»:
Յիսուս Քրիստոսի յարութիւնը միանգամայն վաւեր իրադարձութիւն է: Պօղոս առաքեալը կոչ էր անում ականատեսներից իմանալ յարութեան արժանահաւատութիւնը, եւ ոչոք չի կարողացել հերքել դրա ճշմարտացիութիւնը: Յարութիւնը քրիստոնէական կրօնի անկիւնաքարն է: Եւ քանի որ Քրիստոս յարութիւն է առել մեռելներից, հաւատում ենք, որ մենք նոյնպէս պիտի յարութիւն առնենք: Յիսուս Քրիստոսի յարութիւնն իսկ լաւագոյն ապացոյցն է յետմահու կեանքի: Քրիստոս միայն առաջին պտուղն է մարդկանց այն մեծ բերքի, որոնք դարձեալ կեանքի պիտի կոչուեն: Մարմնական մահը մէկ մարդու՝ Ադամի միջոցով եկաւ, որին մենք բոլորս էլ արիւնակից ենք: Բայց բոլոր նրանց, որ Յիսուս Քրիստոսի հանդէպ ունեցած հաւատքով որդեգրուած են Աստուծոյ ընտանիքում, նոր կեանք պիտի տրուի (Ա Կորնթ. 15.20-22): Ինչպէս որ Աստուած մեր Տիրոջ մարմինը կենդանացրեց, մեր մարմինը նոյնպէս կկենդանացնի Յիսուսի վերադարձին (Ա Կորնթ. 6.14):
Թէեւ բոլորս էլ, ի վերջոյ, յարութիւն ենք առնելու, բայց ոչ բոլորն են Երկինք գնալու: Ամէն մարդ ինքը պիտի ընտրութիւն կատարի այս կեանքում, եւ այդ ընտրութիւնն է վճռելու նրա յաւիտենական ճակատագիրը: Աստուածաշունչն ասում է, որ մեզ ամենքիս վիճակուած է մէկ անգամ մեռնել, որից յետոյ գալու է դատաստանը (Եբր. 9.27): Ովքեր որ արդարացուել են Քրիստոսին հաւատալով, յաւիտեանական կեանք են անցնելու Երկնքում, իսկ ովքեր որ մերժեն Յիսուսին որպէս Փրկչի, յաւիտենական պատիժ են կրելու դժոխքում (Մատթ. 25.46): Դժոխքը, ինչպէս եւ Երկինքը, գոյութեան վիճակ չէ սոսկ, այլ իրական վայր. մի վայր, ուր անիրաւները կրելու են Աստուծոյ անվերջանալի, յաւիտենական բարկութիւնը: Դժոխքը պատկերւում է որպէս անդունդ (Ղուկ. 8.31, Յայտ. 9.1), որպէս ծծմբէ եւ կրակէ լիճ, որտեղ նետուածները օր ու գիշեր, յաւերժ պիտի տանջուեն (Յայտ. 20.10): Այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտոց, որ նշան է տանջալից նեղութեան եւ բարկութեան (Մատթ. 13.42):
Աստուած չի հաճում մեղաւորի մահը, այլ ուզում է, որ դառնայ իր չար ճամփաներից, որ ապրի (Եզեկ. 33.11): Բայց Աստուած ուժով չի ստիպում ենթարկուել Իրեն: Եթէ որոշենք հրաժարուել Նրանից, Նա ընդունում է Իրենից յաւիտենապէս զատուած ապրելու մեր ընտրութիւնը: Կեանքը աշխարհի մէջ իւրատեսակ փորձութիւն է, պատրաստութիւն գալիք բաների համար: Հաւատացեալների համար յետմահու կեանքը յաւիտենական կեանք է Երկնքում, Աստուծոյ հետ: Անհաւատների համար յետմահու կեանքը յաւերժութիւն է կրակէ լճում: Արդ՝ ինչպէ՞ս կարող ենք յաւիտենական կեանք ստանալ մահից յետոյ եւ խուսափել յաւիտեան կրակի մեջ այրուելուց: Միայն մէկ ճանապարհ կայ. Աստուծոյ Որդու՝ Յիսուս Քրիստոսին հաւատալու եւ վստահելու միջոցով: Յիսուս ասաց.
«Ես եմ յարութիւնը եւ կեանքը: Ով որ Ինձ հաւատայ, թէեւ մեռնի՝ պիտի ապրի. եւ ով որ կենդանի է ու Ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի» — Յովհ. 11.25-26
Յաւիտենական կեանքի պարգեւը բոլորին էլ տրուած է:
«Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի, իսկ Որդուն չհնազանդուողը կեանքը չի տեսնի, հապա Աստուծոյ բարկութիւնը մնում է նրա վրայ» — Յովհ. 3.36
Մահից յետոյ մեզ հնարաւորութիւն չի տրուելու փրկութեան աստուածային պարգեւն ընդունելու: Մեր յաւիտենական ճակատագիրը վճռւում է մեր երկրային կեանքի ժամանակ՝ Յիսուսին ընդունելով կամ մերժելով:
«Հիմա է ընդունելի ժամանակը, հիմա է փրկութեան օրը» — Բ Կորնթ. 6.2
Եթէ վստահենք Յիսուս Քրիստոսի մահուանը որպէս Աստուծոյ դէմ մեր մեղանչումի լրիւ գինը, Աստուած մեզ երաշխաւորում է ոչ միայն իմաստալից կեանք երկրի վրայ, այլեւ յաւիտենական կեանք մահից յետոյ, Քրիստոսի փառաւոր ներկայութեան մէջ:
Աղբյուրը: GotQuesitons
- Հարցեր
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է:
Արդեօ՞ք Աստուածաշունչը իսկապէս Աստուծոյ Խօսքն է: Պատասխան. Այս հարցի պատասխանը ոչ միայն ներկայացնում է մեր դիրքը Աստուածաշնչի հանդէպ եւ նրա նշանակութիւնը մեր …
Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է:
Հարց. Յիսուս Աստուա՞ծ է: Յիսուս երբեւէ ասե՞լ է, որ Աստուած է: Պատասխան. Աստուածաշնչում որեւէ տեղ գրուած չէ, որ Յիսուս ասի՝ «Ես Աստուած …