Հայաստանում և աշխարհի շատ երկրներում գործում են հարանվանություններ և զանազան կրոնական կազմակերպություններ, որոնք աղոթում են՝ արտաբերելով անհասկանալի, անթարգմանելի, անիրական բառակապակցություններ, բառեր և հնչյուններ, որոնց նշանակությունն ու իմաստը ոչ իրենք են հասկանում, ոչ էլ իրենց լսողները։
Եվ դա թյուրիմացաբար համարում են ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ, «Զանազան լեզուներով» խոսելու պարգևի դրսևորում:
Ոմանք ընդունում և հավանություն են տալիս նշված պարգևի, այս կերպ դրսևորմանը, ոմանք էլ՝ մերժում են։
Եվ երկու խմբերն էլ իրենց տեսակետերը հաստատելու համար, սուրբգրային զանազան մեջբերումներ են անում։
Այսօր «Զանազան լեզուներով» խոսելու խնդիրը, մեծ հակառակություններ է առաջացրել ողջ աշխարհի հոգևոր դաշտում։ Եվ դրա պատճառով հավատացյալների շրջանում առաջացել են ատելություն, թշնամություն և բաժանումներ, որն ինչ խոսք անհարիր է ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցուն։
Սիրելի բարեկամնե՛ր, այսօրվանից․ աղոթքով, ՏԻՐՈՋ շնորհքով և ԻՐ առաջնորդությամբ, ձեր հետ միասին, սկսում ենք, այս թեմային վերաբերվող սուրբգրային հատվածների քննարկում, որպեսզի վերջապես հասկանանք, թե․ այս երկու տեսակետերից ո՞րն է սուրբգրայինը և ճշմարիտը։
Նախապես տեղեկացնեմ, որ անարժանս երկրորդ տեսակետի կողմնակից եմ և բոլոր փաստարկներս և ապացույցներս ներկայացնելու եմ հօգուտ երկրորդ տեսակետի։
Եվ այսպես․․․
Եւ երբ եկան Պենտէկոստէի օրերը, նրանք ամենքը միաբան մէկտեղ էին։ Եւ յանկարծակի երկնքիցը մի ձայն եղաւ՝ ինչպես սաստիկ փչող քամուց, եւ լցրեց ամբողջ տունը՝ ուր որ գտնվում էին։ Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ` ինչպէս կրակե։ Եւ նստեցին նորանցից ամեն մէկի վերայ։ Եւ ամենքը լցուեցան Սուրբ Հոգով, եւ սկսեցին խօսել այլևայլ լեզուներով , ինչպէս որ Հոգին նորանց բարձրաձայնել էր տալիս։ (Գործ․2։1-4)
Պենտեկոստեի օրը ՏԵՐԸ մեծ հրաշք գործեց։ ՆԱ ԻՐ աշակերտներին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտեց, այսինքն Վերստին ծնեց (Գեործ․1։5), լցրեց ԻՐ խոստացած Զորությամբ․ (Գործ․1։8), և նրանց զանազան լեզուներով խոսելու շնորհ տվեց (Գործ․2։4)։
Ինչի՞ համար։
- Որպեսզի այդ օրերին սփյուռքից Երուսաղեմ վերադարձած բոլոր այլալեզու հրեաները, նաև օտարականները, ականատես և ականջալուր լինելով ԱՍՏԾՈ այս մեծ հրաշքին, իրենց հասկանալի լեզուներով լսեն և հասկանան ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ, որ հավատան ու փրկվեն:
- Որպեսզի ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին հիմնադրվի։
- Որպեսզի այդ օրվանից սկսած աշակերտներն, իրենց տրված զարմանահրաշ Զորությամբ կարողանան ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ քարոզել․ նախ Երուսաղեմում, հետո Հրեստանում, հետո Սամարիայում և վերջապես մինչև աշխարհի ծայրերը և դրանով իսկ կատարած լինեն ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ պատվերը (Գործ.1:8); (Մատթ.28:20-21):
- Որպեսզի աշխարհի հեթանոսների մեջ ևս, ՔՐԻՍՏՈՍԻ եկեղեցիներ հիմնվեն, հաստատվեն ու տարածվեն:
- Զանազան լեզուներով խոսելու պարգևը տրվեց նաև, որոշ պարագաներում անհավատներին նշան լինելու համար․
(Ա․Կոր․14։22)։
Կարելի է այլ փաստարկներ ևս բերել, սակայն բավարարվենք այսքանով:
ՏԵՐՆ ԻՐ Եկեղեցու անդամներին, հոգևոր պաշտամունք և զանազան ծառայություններ իրականացնելու համար համապատասխան շնորհներ, կամ պարգևներ տվեց, որոնցից իննը նշված են Ա․Կոր․12 գլխում։ Դրանցից նախավերջինը՝ «Զանազան լեզուներով» խոսելու շնորհն է։
Գործք Առաքելոց գրքում տեսնում ենք այս շնորհի կիրառման կերպը և իմաստը։
Իսկ ի՞նչ է կատարվում այսօր որոշ հարանվանություններում և կրոնական խմբերում:
Ուզում եմ նշել, որ տարբեր լեզուներով խոսելու պարգևը տրվեց ոչ թե ամենքին, այլ ՔՐԻՍՏՈՍԻ աշակերտներին՝ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ քարոզելու և վերը նշված նպատակներն իրագործելու համար:
Իսկ այսօր այդ հարանվանություններում հակառակն է արվում․ «խոսում» են բոլորը, (կամ եթե դեռևս չեն խոսում, ապա անպայման ձգտում են շուտով «ստանալ այդ պարգևը», որ իրենք էլ «խոսեն»),անհասկանալի, անթարգմանելի և անիրական լեզվով, որ լսողները ոչինչ չհասկանան:
Սա նման է Բաբելոնի (խառնակչության) (Ա.Կոր.14:33):
Կրկնենք, որ զանազան լեզուներով խոսելու պարգևը տրվեց ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ աշակերտներին, հեթանոսների մեջ եկեղեցիներ հիմնելու և հաստատելու համար:
Այսօր երբ շատ ու շատ ազգերի մեջ վաղու՜ց ի վեր եկեղեցիներ կան հաստատված և այս գիտության ու լեզուների թարգմանության լուսավոր դարում, համարյա թե անհասկանալի լեզուներով խոսող նույնիսկ փոքր ցեղեր ու ցեղախմբեր չեն մնացել, ապա հասկանալի է, որ այսօր զանազան լեզուներով խոսելու կարիքն այլևս չկա, և ՏԵՐՆ այդ շնորհքը դադարեցրել է (Ա․Կոր․13։8):
Ոմանք չեն ընդունում այս փաստը և ասում են. «ՔՐԻՍՏՈՍ նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր․13։8):
Ճիշտ է, սակայն այս խոսքը չի վերաբերվում Եկեղեցու հոգևոր պարգևներին, այլ ՔՐԻՍՏՈՍԻ վարդապետությանը։
Եվ ինչպես որ ամեն օր կարիքը չկա կրկին Կարմիր ծովը բացելու, կամ երկնքից մանանա տեղացնելու, կամ Երիքովի պարիսպները հրաշքով քանդելու, կամ այլ հրաշքներ գործելու, այնպես էլ այսօր կարիքը չկա զանազան լեզուներով խոսելու: Քանի որ այս հրաշքները և այս պարգևը հենց միայն տվյալ ժամանակվա համար էին անհրաժեշտ:
Սակայն հիշե՛նք, որ ամեն բան ՏԻՐՈՋ կամքով է, և եթե ՆԱ կամենա՝ այսօր էլ կարող է եկեղեցուն տալ այդպիսի պարգև, իհարկե, եթե դրա կարիքը տեսնի:
Անարժանիս հորդորն ու անկեղծ աղոթքներն առ ԱՍՏՎԱԾ, ուղղում եմ բոլոր այն հավատացյալներին, ովքեր իբր զանազան լեզուներով են «աղոթում» և դա համարում են ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտված լինելու նշան:
Աղաչում եմ, աղոթքով կրկին անգամ սերտեք (Ա.Կոր.12-14) գլուխները և դադարեք անհասկանալի արտահայտություններ ու ձայներ արտաբերելուց, որոնցից ոչ մի օգուտ չունի․ ո՛չ եկեղեցին, ո՛չ էլ ՏԵՐԸ, ո՛չ էլ ինքներդ:
Սիրելի հայրենակիցնե՛ր, նախապես ասեմ, որ բոլորովին նպատակ չեմ հետապնդում փնովելու, որևէ մեկի հավատալիքները, կամ անձը, այլ կամենում եմ, որ ամենքս էլ ճիշտ հասկանանք ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ, Որը տրվեց քարոզելու, խրատելու, հավատալու և կատարելու համար:
ՏԵՐԸ բացի ամենքիս մտքերը, և առաջնորդի հետագա քննարկումները, որ չշեղվենք Ճշմարտության Ճանապարհից: ԱՄԵՆ:
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ տկար ծառան՝ Ս․Շ․
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …