(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․)
«ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ
Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից ԻՐ Եկեղեցուն տրված հոգևոր պարգևների ցանկը և հավաստիացանք, որ ԱՍՏՎԱԾ Եկեղեցու որոշ անդամների օժտեց «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնորհով։
Այդ շնորհը ստացողները, նախ Վերստին ծնվեցին, այնուհետև լցվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, և վերջապես ստանալով այդ շնորհը, սկսեցին խոսել (և ոչ թե աղոթել) մարդկային, հասկանալի, գոյություն ունեցղ տարբեր ազգերի լեզուներով՝ ինչպես որ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ նրանց խոսել էր տալիս․ (Գործ․2։6,11)։
Սուրբ Ավետարանում այդ շնորհի կիրառման ընդամենը երեք դեպքեր են արձանագրված, երեքն էլ՝ «Գործք Առաքելոց» Գրքում։
ՏԻՐՈՋ Շնորհքով, աղոթքով և ԻՐ առաջնորդությամբ, քննարկենք երեք դեպքերից յուրաքանչյուրը և համոզվենք, թե արդյո՞ք դրանք հիմք են հանդիսանում, այսօր անհասկանալի, անթարգմանելի, գոյություն չունեցող, անիրական լեզվով «աղոթելու» համար:
ԱՌԱՋԻՆ ԴԵՊՔԸ ՆԿԱՐԱԳՐՎԱԾ Է (Գործ․2։1-4) համարներում․
1)
«Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։» (Գործ․2։4)։
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՑ գիտենք, որ Վերստին ծնվելու համար, մեղավոր անձը․
ա) պետք է լսի իր «Փրկության Ավետարանը», որն ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ Է, (Հռով․10։17)։
բ) պետք է հավատա լսածներին, որի արդյունքում՝ կմկրտվի և կօծվի ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ․ (Եփես․1։13-14)։
գ) պետք է ՀԻՍՈՒՍ ՔՐԻՐՍՏՈՍԻՆ, որպես իր կյանքի ՏԵՐ դավանի․(Հռով․10։9-10)։
դ) Եվ եթե ՏԻՐՈՋ կամքը լինի, ՏԵՐԸ նրան, ԻՐ կամքի համեմատ կօժտի համապատասխան Շնորհքով (Ա․Կոր․12։11), կլցվի ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ և տվյալ անձը կարող է գործածել այդ Շնորհքն շատերի օգուտի․ (Ա․Կոր․12։7), ԱՍՏԾՈ Փառքի (Գործ․2։11) և Եկեղեցու շինության համար (Ա․Կոր․14։5)։
Պենտեկոստեի տոնի օրը, ՔՐԻՍՏՈՍԻ աշակերտները Վերստին ծնվեցին, լցվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, դուրս եկան փողոց և այնտեղ հավաքվածներին ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ խոսեցին, մոտ 16-17 ազգային տարբեր լեզուներով։ (Գործ․2։5-13)։
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԽՈՍԵԼՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ Է․ (Գործ․10։44-48) հատվածում։
2)
«Եւ Պետրոսը դեռ այս բանը խօսելիս, Սուրբ Հոգին իջաւ այն խօսքը լսողների բոլորի վերայ։ Եւ զարմացան Պետրոսի հետ եկող հաւատացեալները, որ թլփատութիւնիցն էին, որ հեթանոսների մէջ էլ Սուրբ Հոգու պարգեւը թափվում էր։ Որովհետեւ լսում էին, որ նորանք լեզուներով խօսում եւ Աստուծուն փառաւորում էին։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Մի՞թէ մէկը կարող է ջուրն արգիլել, որ սորանք չ’մկրտուին, որ Սուրբ Հոգին ընդունեցին՝ ինչպէս եւ մենք»։ Եւ նորանց հրամայեց, որ Տիրոջ անունովը մկրտուին։ Այն ժամանակ աղաչեցին նորան՝ որ մի քանի օր մնայ։» (Գործ․10։44-48)։
Այս հատվածի մեջ տեսնում ենք, որ հեթանոսները Պետրոս Առաքյալի միջոցով լսեցին ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ՝ իրենց «Փրկության Ավետարանը» և երբ հավատացին՝ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ իջավ նրանց վրա և նրանք մկրտվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ։ (Եփես․1։13-14)։
Այսինքն՝ Վերստին ծնվեցին, միևնույն ժամանակ լցվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ և սկսեցին փառաբանել Ամենակալ ՏԵՐ ԱՍՏԾՈՒՆ գոյություն ունեցող, սակայն մինչ այդ պահն իրենց անծանոթ, ազգային տարբեր լեզուներով։
Այլ լեզուներով ԱՍՏԾՈՒՆ փառաբանելը,Պետրոսի միջոցով ասված ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ հաստատող ՆՇԱՆ եղավ․ թե՛ իրենց, թե՛ այդ տանը գտնվողների և թե՛ բոլոր նրանց համար, ում որ հետագայում կպատմեին այս հրաշքի ականատեսները․ (Ա․Կոր․14։22ա); (Մարկ․16։20)։
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, կամ ՔՐԻՍՏՈՍՈՎ մկրտված, այսինքն՝ Վերստին ծնված յուրաքանչյուր քրիստոնյա հարկ է, որ ՔՐԻՍՏՈՍԻ անունով էլ մկրտվի։
ՔՐԻՍՏՈՍԻ անունով մկրտությունը, դա ջրային մկրտության ծիսակատարությունն է, որով նախկին մեղավոր, սակայն արդեն իսկ Վերստին ծնված անձը, աշխարհի առջև հաստատում է իր դավանությունը․ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻՆ որպես իր կյանքի ՓՐԿԻՉ և ՏԵՐ դավանելով։
Պետրոս Առաքյալն էլ տեսնելով այս հեթանոսների Վերստին ծննդյան փաստը, սրանց մկրտեց ջրային մկրտությամբ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ (բնականաբար նաև՝ ՀՈՐ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ) Անունով․ (Մատթ․28։19)։
Այս հատվածում ոչ մի արձանագրություն չկա, որ Կոռնելիոսի տան այս մկրտվածները, հետագայում ևս մշտապես խոսում, կամ աղոթում էին զանազան լեզուներով, կամ անհասկանալի, անթարգմանելի և գոյություն չունեցող անիրական լեզվով։
ԵՎ ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԽՈՍԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ՝ ԵՐՐՈՐԴ ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ Է․(Գործ․19։1-7) հատվածում․
3)
«Եւ եղաւ որ Ապողոսը Կորնթոսումն եղած ժամանակ, Պօղոսը, որ վերի կողմերումը ման էր եկել՝ եկաւ Եփեսոս։ Եւ մի քանի ԱՇԱԿԵՐՏՆԵՐ գտնելով ասեց նորանց. «Արդեօք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք, երբոր հաւատացիք»։ Նորանք ասեցին նորան. «Մենք չենք էլ լսել, թէ Սուրբ Հոգի կայ»։ Եւ ասեց նորանց. «Ապա ի՞նչով մկրտուեցաք»։ Նորանք էլ ասեցին. «Յովհաննէսի մկրտութիւնովը»։ Եւ Պօղոսն ասեց. «Յովհաննէսը ժողովրդին ապաշխարութեան մկրտութիւնովն էր մկրտում եւ ասում էր մարդկանց, որ․ «իր ետեւից Եկողին հաւատան՝այսինքն Քրիստոս Յիսուսին»։ Եւ երբոր լսեցին՝ Տէր Յիսուսի անունովը մկրտուեցան։ Եւ երբոր Պօղոսը ձեռք դրաւ նորանց վերայ, Սուրբ Հոգին եկաւ նորանց վերայ։ Եւ նորանք սկսեցին խոսել (այլ) լեզուներով եւ մարգարէանալ։ Եւ ամենքը տասնեւերկու մարդի չափ էին։» (Գործ․19։1-7)։
Եփեսոսում գտնվող այս մարդիկ պատահական մարդիկ չէին։ Չի գրված, թե հատկապես ո՞ր ազգից էին նրանք, սակայն փաստ է, որ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ԷԻՆ։
Պողոս Առաքյալի հարց ու պատասխաններից հասկանալի է դառնում, որ այս մարդիկ լսել էին ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ՝ իրենց «Փրկության Ավետարանը»։ Եվ ոչ միայն լսել էին, այլ նաև հավատացել էին և մկրտվել էին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ։
Այսինքն սրանք ևս Վերստին ծնված քրիստոնյաներ էին, սակայն ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ մասին դեռևս գաղափար չունեին և նույնիսկ չէին էլ լսել, որ ՍՈՒՐԲ ՀՈԳԻ գոյություն ունի։
Եվ որտեղի՞ց պիտի իմանային, երբ․ ոչ ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ունեին իրենց ձեռքին, ոչ էլ Ճշմարտությունը քարոզող մշտական քարոզիչներ։
Իսկ իրենց մկրտության մասին ասացին, որ մկրտված են Հովհաննեսի մկրտությունով։ Պետրոս Առաքյալը բացատրեց, որ Հովհաննեսի մկրտությունը ուրիշ մկրտություն է և դա քրիստոնյաների համար չէ։
Բայց ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, կամ ՔՐԻՍՏՈՍՈՎ մկրտված, այսինքն Վերստին ծնված յուրաքանչյուր քրիստոնյա, հարկ է, որ մկրտվի նաև ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ (բնականաբար նաև՝ ՀՈՐ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ) Անունով․ (Մատթ․28։19)։
Եվ այս 12 քրիստոնյաները Պետրոս Առաքյալից լսելով ԱՍՏԾՈ պատվիրանների մասին, սիրահոժար մկրտվեցին ջրային մկրտությունով․ հանուն՝ ՀՈՐ, ՈՐԴՈՒ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ։
Իհարկե անընդունելի, և շատ սխալ է՝ կարծել, որ մինչ ջրով մկրտվելը, այս քրիստոնյաները չունեին ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, և միայն ջրային մկրտության միջոցով ստացան։
Թեպետ շատ մեկնաբաններ հենց այսպես էլ պնդում են, սակայն տեսնում ենք, որ այդ տեսակետը շատ կոպիտ և շատ ակնառու սխալ է։
Այս աշակերտները Վերստին ծնված քրիստոնյաներ էին, ուղղակի հոգևոր գիտություն չունեին․ թե՛ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ և թե՛ ՔՐԻՍՏՈՍԻ անունով ջրային մկրտության մասին։
Ջրով մկրտվելուց հետո, երբ Պետրոս Առաքյալն իր ձեռքը դրեց նրանցից յուրաքանչյուրի վրա, նրանք լցվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ և որպես ՆՇԱՆ՝ սկսեցին խոսել և մարգարեանալ այլ ազգերի լեզուներով։
Սակայն հետագայում զանազան լեզուներով խոսելու նշանը շարունակաբար չմնաց նրանց վրա, այլապես այդ մասին արձանագրություն կլիներ։
Մարդկային հասկանալի, իրական, ազգային տարբեր լեզուներով խոսելն ու մարգարեանալը, դա անհասկանալի, անթարգմանելի, գոյություն չունեցող անիրական լեզվով «աղոթելը» չի։ Դրանք իրար հակասող, տարբեր բաներ են։
Պետրոս Առաքյալի ձեռնադրության արդյունքում 12 աշակերտները ոչ թե այդ պահին ստացան ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, այլ ինչպես արդեն տեսանք, նրանք ունեին ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ․
Եվ «ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ եկավ նրանց վրա և նրանք սկսեցին այլ լեզուներով խոսել և մարգարեանալ»։
Այս համարը պետք է հասկանալ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ լեցվելու իմաստով։
Ուրիշ է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտվելը և ուրիշ է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ լեցվելը։ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտվելը, դա մեղավորի Վերստին ծնվելն է։
Յուրաքանչյուր քրիստոնյա մկրտված է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, և ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ մշտապես բնակված է նրա մեջ։
Սակայն յուրաքանչյուր քրիստոնյա մշտապես լեցված չի ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ։
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ մկրտվում և Վերստին ծնվում են մեկ անգամ, սակայն ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ լեցվելը՝ շարունակական գործընթաց է։ Ողջ կյանքի ընթացքում քրիստոնյան մշտական կարիք ունի ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ լեցունության։
Ինչպես որ գրպանի լապտերի մարտկոցը կարիք ունի մշտական լիցքավորման, որպեսզի զորավոր ու պայծառ լույս արձակի, այնպես էլ քրիստոնյան մշտական կարիք ունի ԱՍՏԾՈ Զորության՝ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ լեցունության, որպեսզի լուսարձակի իր մեջ եղած ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Լույսը։
Եվ եթե քրիստոնյայի զորությունը պակաս է, հոգևոր կյանքում տկարացած ու թուլացած է և կանոնավորապես չի վերալիցքավորվում, ապա ինչպե՞ս կարող է գործածվել ԱՍՏԾՈ Փառքի և Եկեղեցու համար։ Այդպիսի մեկն անպիտան անոթ է։
Դրա համար քրիստոնյան պետք է ձգտի, հնարավորինս․ մշտարթուն, զգաստ և լեցված լինել ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, որպեսզի պիտանի անոթ լինի ծառայելու․ թե՛ իր ՏԻՐՈՋԸ և թե՛ ՆՐԱ Եկեղեցուն։
Քրիստոնյան առանց ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ համապատասխան լցունության չի կարող ինքն իրենից, իր մարդկային զորությամբ ու մտքով ԱՍՏԾՈՒՆ փառաբանել և ծառայել։
ՏԵՐ ՀԻՍՈՒՍՆ ԻՐ աշակերտներին պատվիրեց նստել Երուսաղեմում և սպասել, մինչև որ Վերից Զորություն առնեն։ Նրանք այդպես էլ վարվեցին։
Եվ քանի դեռ այդ Զորությունը չունեին, շատ երկչոտ ու վախվորած էին, և թաքնված էին վերնատանը։
Սակայն երբ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ լեցվեցին, մեծ ուժ և Զորություն առան, և ամենուրեք համարձակորեն սկսեցին քարոզել ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ։
Հիշենք նաև․ (Գործ․4։29-31) նույնանման համարները։
իրելի բարեկամնե՛ր, «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր պարգևի մասին Սուրբ Ավետարանում միայն այս երեք փաստերն են արձանագրված։
Տիրոջ Շնորհքով և առաջնորդությամբ քննելով այս համարները, տեսանք․ որ այս երեք դեպքերում էլ մարդիկ խոսեցին․ մարդկային, տարբեր ազգերի հասկանալի լեզուներով։
Իսկ անհասկանալի, անթարգմանելի, գոյություն չունեցող անիրական լեզվով «աղոթելու» մասին․ ոչ մի խոսք, այդպիսի որևէ փաստ, կամ որևէ արձանագրություն չկա Սուրբ Ավետարանում։ Չկա նաև ոչ մի արձանագրություն, որ եկեղեցու բոլոր անդամները, երբևէ խոսոել, կամ «աղոթել են» այդպիսի լեզվով։
Ցավոք սրտի, այսօր անտեսելով այս բոլոր փաստերն ու ապացույցները, որոշ «եկեղեցիներ», րենց վայ հովիվների հորդորանքով ու առաջնորդությամբ շարունակում են «աղոթել» այս անհասկանալ, գոյություն չունեցող, ոչ մարդկային լեզվով։
Եվ իրենց այդ վարմունքն ուզում են արդարացնել Ա․Կոր․14 գլխի, նաև վերը նշված երեք դեպքերի ու այլ հատվածների սեփական, կամային և սխալ մեկնաբանություններով։
Պետք է փաստենք, որ այդպիսիներն, ավա՜ղ մոլորված և սխալված են։
Ա․Կոր․14 գլխի որոշ վիճահարույց համարներ, ՏԵՐԸ կամենա կքննարկենք առաջիկա հոդվածներից մեկում։
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ ծառան՝ Ս․Շ․
(հաջորդ հոդվածը տես հետևյալ հղումով.)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 5)
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՇՆՈՐՀՆԵՐՆ ՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ (նախորդը տես հետևյալ հղումով.) Ո՞ՐՆ Է ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ. 1) ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին, թե՛ երկրի վրա ապրող և …