Եդեմի պարտեզում, երբ Ադամն ու Եվան անարգեցին ԱՍՏԾՈ պատվիրանը և այդպիսով մեղք գործեցին, ՏԵՐՆ Ադամին հարցրեց, թե․ ինչու՞ է կերել այն պտղից, որն արգելված էր ուտել: Ադամն էլ չուզենալով իր մեղքն ընդունել, այն գցեց նախ Եվայի, հետո նույնիսկ…ԱՍՏԾՈ վրա.
«Եւ Ադամն ասեց. «Այն կինը, որ ինձ հետ տուիր, նա տուաւ ինձ այն ծառիցը, եւ ես կերայ»։ — Ծնն.3:12
Այնուհետև ՏԵՐԸ նույն հարցը Եվային տվեց: Եվ ինչպես Ադամը, Եվան նույնպես չընդունեց իր մեղքը, և նա էլ օձի վրա գցեց.
«Եւ ՏԵՐ Աստուածն ասեց կնոջը. «Դա ի՞նչ ես արել»։ Եւ կինն ասեց. «Օձն ինձ խաբեց, եւ ես կերայ»։ — Ծնն.3:13
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՆ անհնազանդ գտնվելու պատճառով, ՏԵՐՆ Ադամին ու Եվային արտաքսեց Եդեմի պարտեզից։ Նրանց մեղքի պատճառով, ԱՍՏՎԱԾ անիծեց․ թե՛ նրանց, թե՛ երկիրն ու երկինքը (Ծնն․3։14-19)։
Արդյունքում, նրանք կորցրեցին իրենց անմահությունը և դարձան մահկանացուներ։ Կորցրեցին, նաև իրենց անհոգ, ուրախ և ապահով կյանքը, որը դարձավ դժվարին, նեղություններով, զրկանքներով, վտանգներով, հիվանդություններով, ցավերով, վախերով ու փորձություններով լեցուն կյանք։
Ահա այսպիսի բաժանող հատկություն ունի մեղքը, որ մտնելով մարդու և ԱՍՏԾՈ միջև, մարդուն հեռացնում ու բաժանում է իր Անաղատ Սիրո, անսպառ Օրհնությունների Աղբյուրից՝ իր Ամենազոր Պաշտպանից և իրեն ստեղծած Ամենակալ Սուրբ ԱՍՏԾՈՒՑ։
Եվ մարդն էլ հեռանալով ԱՍՏԾՈՒՑ, դառնում է անպաշտպան, խոցելի, և հայտնվում է նեղությունների, փորձությունների ու դժվարին վիճակների մեջ։
Սիրելի բարեկամնե՛ր, մինչ օրս էլ մարդու մեջ չի փոխվել Ադամից ու Եվայից ժառանգած այդ արատովոր սովորությունը․ սեփական մեղքերն ուրանալը և դրանց հետևանքով առաջացած անհաջողությունների ու դժբախտությունների պատճառներն ուրիշների վրա գցելը։
Այսօր էլ ոչ ոք չի ուզում ընդունել իր մեղքերը։ Երբ մարդուն ասում ես․ «դու մեղավոր անձ ես և պետք է մեղքերդ խոստովանես ԱՍՏԾՈՒՆ, որ մաքրվես»։
Պատասխանը լինում է․ «Ես ի՞նչ մեղք եմ գործել, ես մեղքեր չունեմ»։
Գաղտնիք չէ, որ այսօր մարդիկ իրենց դժվարությունների ու զրկանքների համար, անիրավորեն մեղադրում են նաև երկրի իշխանություններին։
Իշխանություններին, բնավ չեմ արդարացնում, քավ լիցի, քանի որ նրանց գործերն ու անօրենություններն ակնհայտ են:
Աշխարհի բոլոր թագավորները, նախագահներն ու իշխանություններն ԱՍՏԾՈՒՑ են կարգված․ (Հռով․13։1)։
Եվ եթե իշխանությունն անօրինություններով է կառավարում երկիրը, դրանում առաջին մեղավորը ժողովուրդն է: Անօրեն իշխանություններն ԱՍՏԾՈՒՑ, որպես պատիժ են տրված անհավատ, անհնազանդ ու կռապաշտ ժողովրդին:
Ինչպես ժողովուրդն է, նույնպես էլ իր երկրի իշխանություններն են: Եվ ժողովուրդն արժանի է իր իշխանություններին:
Ուրեմն արդարացի չէ, ուրանալ սեփական մեղքերը, և դրանցից բխող բոլոր անհաջողությունների ու դժբախտությունների պատասխանատվությունը գցել իշխանությունների վրա:
Դա նման է այն պատմությանը, երբ հրեաները ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ մոտ բերեցին շնության մեջ հայտնապես բռնված մի կնոջ: Ըստ հրեական Օրենքի շնության մեջ բռնված կինը պետք է քարկոծվեր և մեռներ.
«Բայց երբոր ստիպում էին հարցնելով Նորան, վեր նայեց՝ եւ ասեց. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջինը նա քար գցէ դորա վերայ»։ — Հովհ.8:7
ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ այս խոսքերից հետո, բոլոր ամբաստանողներն իրենց ձեռքի քարերը գետնին թափելով հեռացան:
Պատմությունից տեղյակ ենք, որ յուրաքանչյուրն էլ բազում մեղքեր ունեին: Ուղղակի տարբերությունն այն էր, որ նրանց մեղքերը մարդկանց առաջ դեռևս բացահայտված չէին, իսկ այդ կնոջ մեղքն արդեն բացահայտվել էր:
Պատրաստվելով քարկոծել շնացող կնոջը, հրեաները դրանով ուզում էին ցույց տալ իրենց «արդարությունը» և շնացող կնոջ մահացու մեղքը։
Սիրելի բարեկա՛մ, մարդկանց առաջ միգուցե հաջողվի սեփական մեղքերդ քողարկել և արդար երևալ, բայց իմացի՛ր, որ Ամենատես, Ամենագետ և սրտեր ու երիկամունքներ քննող ԱՍՏԾՈՒՆ անհնար է խաբել։
Պողոս Առաքյալն ասում է․
«Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են, եւ առաջուց դատաստանի հասած։ Իսկ ոմանցն էլ՝ ետեւիցն են գալիս»: — Ա.Տիմ.5: 24
Սիրելինե՛ր, այսօր էլ չի փոխվել այդ պարագան: Ազգովի․ մեղքերի ու անօրենությունների մեջ մեռած լինելով հանդերձ, մենք օրինապահություն և արդարությու՞ն ենք փնտրում մեր շրջապատում, մեր երկրում:
Ըստ մեզ, յուրաքանչյուրս արդա՜ր ու անմեղ ենք, և մեղավորները․ իշխանություննե՞րն են, կամ էլ ԱՍՏՎԱ՞Ծ… Մեղա՜ ՔԵԶ ՏԵՐ․․․
Դրա համար էլ, չեն դադարում «արդարության» շարունակական միտինգներն ու բողոքի ակցիաները, աշխարհի հրապարակում ու փողոցներում, կառավարության շենքերի առջև և այլուր:
Բարեկեցիկ ու ապահով ապրելու ակնկալիքով, և կարծելով, թե մեր անհաջողությունների պատճառն իշխանություններից է կախված․ ժամանակին քանդեցինք կոմունիստական հասարակարգը և նախագահ ընտրեցինք: Սակայն շուտով փոշմանեցինք, քանի որ մեր կյանքն ու ապրելակերպը չբարելավվեց, այլ շա՜տ վատացավ։ Դրա համար մի ուրիշին ընտրեցինք: Երկրորդն էլ չարդարացրեց մեր հույսերը: Նրան էլ փոխեցինք և երրորդ նախագահին ընտրեցինք: Բայց մեր վիճակն ու ապրելակերպը դարձյալ չլավացավ: Դեռ կարելի է ասել. «գնալով ավելի վատացավ»: Հիմա, դարձյալ դժգոհում ենք մեր վիճակներից և դարձյալ ձգտում ենք փոխել ներկա իշխանություններին:
Սա, կարելի է ասել, որ․ շարունակական և հարատև գործընթաց է ժողովրդի կյանքում։ Եվ այս մշտական գործընթացը ոչ միայն Հայաստանում է, այլև աշխարհի բոլոր երկրներում։
Սիրելի բարեկամնե՛ր, վերջապես ժամանակն է հասկանալու և ընդունելու, որ երկրի նախագահներին և իշխանություններին փոխելով, մեր կյանքը չի բարելավվում և մեր անհաջողությունների ու նեղությունների վերջը չի երևում:
Բարեկեցիկ, ապահով և խաղաղ կյանքով ապրելու համար պետք է․ ոչ թե նախագահներին ու իշխանություններին փոխենք, այլ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ ՄԵՐ ԱՆՁԵՐԸ և ՄԵՐ ԴԻՐՔՆ ԱՍՏԾՈ ՆԿԱՏՄԱՄԲ:
Սիրելիներ, ակնհայտ է, որ, կյանքն օրեօր ավելի է դժվարանում: Ոմանք լքում և հեռանում են երկրից, ոմանք մի կերպ դիմանում են, ոմանք էլ չդիմանալով, գնում են ծայրահեղ միջոցների. նորանոր վարկեր ու պարտքեր են վերցնում, ոմանք էլ գոյություն պահպանելու համար, տարբեր անօրինականությունների են դիմում և այլն: Իսկ ոմանք էլ հուսալքվելով ինքնասպանություն են գործում ու ամեն ինչում մեղադրում են իշխանություններին և ասում են. «Երկի՛րդ երկիր չի՛»:
Ցավոք սրտի, ոմանք էլ համարձակվում են մեղադրել նույնիսկ … Բարձրյալ ԱՍՏԾՈՒՆ (մեղա՜ ՔԵԶ ՏԵՐ, մեղա՜․․․), այն բանի համար, որ չի պատժում այս անօրեն իշխանություններին:
Ստացվում է, որ անձի անհաջողությունների ու դժբախտության համար մեղավոր են ամենքը․․․ բայց ոչ երբեք ինքը։
Այսպիսի մտածելակերպը և վարվելակերպը կեղծավորություն է՝ փարիսեցիություն:
ՀԱՐՑ – Իսկ մեզանից յուրաքանչյուրն արդա՞ր է ԱՍՏԾՈ առաջ:
ՏԵՐ ՀԻՍՈՒՍՆ ասեց.
«Որովհետեւ ասում եմ ձեզ, եթէ չ’աւելանայ ձեր արդարութիւնն աւելի՝ քան դպիրներինը եւ փարիսեցիներինը, բնաւ չէք մտնիլ Երկնքի Արքայութիւնը» — Մատթ.5:20
Սիրելի բարեկա՛մ, իմացած եղի՛ր, որ մեղքի մեծն ու փոքրը չկա: Մեղքը՝ մեղք է, լինի մե՞ծ, կա՞մ փոքր:
ՀԱՐՑ – Արդյոք համաձայն կլինե՞ս, որ Ամենակարող և Արդար ԱՍՏՎԱԾ, հենց այս պահից սկսած պատժի և Դժողք ուղարկի բոլո՜ր, բոլո՜ր անօրեն և անհնազանդ մարդկանց:
Նախազգուշացնեմ, մինչ այս հարցին պատասխանելդ, ԱՍՏԾՈ ակնոցով, ԻՐ ԽՈՍՔԻ Լույսի ներքո քննի՛ր անձդ, գործերդ, ընտանիքիդ անդամների, հարազատ-բարեկամներիդ անձերը և հետո միայն պատասխանիր։
ՀԱՐՑԵՐ – Արդյոք ԱՍՏԾՈՒՆ ճանաչու՞մ ես, ՆՐԱ ԽՈՍՔՆ ամեն օր ընթերցու՞մ ես,ՆՐԱՆ սիրու՞մ ես ամեն բանից առավել։ Սիրելիներիդ ցուցակում առաջին տեղում ՀԻՍՈՒ՞Ս է գրված, թե՞ ուրիշ անուն։ ՆՐԱՆԻՑ վախենու՞մ ես, ՆՐԱՆ հոգով և Ճշմարտությունով մշտապես երկրպագում, փառաբանու՞մ ես, ՆՐԱ պատվիրանները պահու՞մ ես։ ՆՐԱ կամքն անվերապահորեն կատարու՞մ ես․․․
Սիրելի բարեկա՛մ, եթե սեփական մեղքերդ ուրացող, իշխանություններին դատող, ԱՍՏԾՈՒՆ մեղադրող, ամեն բանից դժգոհ ու տրտնջացող, Վերստին ծնունդ չունեցող մեկն ես, ապա իմացած եղի՛ր, որ ԱՍՏԾՈ արդարության համեմատ, մահից հետո Դժողք ուղղարկվողների ցուցակում, ցավոք սրտի, քո անունը ևս, անպայման կգտնես, քանի որ․սրտեր Քննողը յուրաքանչյուրին տալիս է իր հավատքի և գործերի համեմատ: Իսկ ՆՐԱՆ խաբելն՝ անհնար է:
Եվ յուրաքանչյուրը հավաքում է այն պտուղները, ինչը որ սերմանել էր:
Փաստացի. գող, ավազակ, կաշառակեր, ստախոս, անաստված, կեղծավոր, կռապաշտ, անառակ, գոռոզ, կռվազան, խաբեբա մեր ժողովուրդը, (խոսքս մեր ազգի այն զավակներին է վերաբերվում, ովքեր այդպիսին են) ակնկալում է բարի՞ք և արդարությու՞ն քաղել իր ցանած չա՛ր ու անօրեն սերմերից: Անհնար է: Եվ գրված է.
«Մի՛ խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։ Որովհետեւ մարդն ինչ որ սերմէ, այն էլ կ’հնձէ: Իր մարմնի մէջ սերմողը՝ մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը՝ Հոգուցն Յաւիտենական Կեանք կ’հնձէ» — Գաղ.6:7-8
Ինչպիսին որ մեր դիրքն է ԱՍՏԾՈ և ԻՐ ՍՈՒՐԲ ԽՈՍՔԻ նկատմամբ, այնպիսին էլ ԱՍՏԾՈ դիրքն է մեր նկատմամբ: Որքանով, որ ճանաչում ենք ԻՐԵՆ,որքանով որ հետաքրքրվում ենք, հավատում և հնազանդվում ենք ԻՐ ԽՈՍՔԻՆ և կամքին, այնքանով էլ ՏԵՐՆ օրհնում է մեզ:
Ժողովուրդը չի գիտակցում և չի հավատում, որ իր բոլոր անհաջողությունների մեղավորը միմիայն ինքն է և ոչ թե մեկ ուրիշը:
Հիշենք (Երկ. Օր. 28) գլուխը, որը շատ պարզ ցույց է տալիս, թե իրականում ո՞վ է մեղավոր ժողովրդի անհաջողությունների համար։
Փաստորեն, մեր օրհնություններ ստանալը և անեծքի տակ գտնվելը, ԱՍՏԾՈ նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքից է կախված և ոչ այլ մեկից։
Ավա՜ղ, ժողովուրդն անտեղյակ է այս ամենին և թյուրիմացաբար ուրիշներին է մեղադրում իր բոլոր անհաջողությունների համար։
Ովսեէ մարգարեն այսպես է գրում․
«Բնաջինջ կլինի Իմ ժողովուրդը, գիտութիւն չ’լինելուն պատճառով.․․» — Ովս․4 ։6ա
Ցավոք, շա՜տ ցավոք, բայց մեր ժողովուրդը, փաստորեն անեծքի տակ է։ Եվ տանջվում ու տառապում է․ ոչ թե ուրիշների, այլ սեփական մեղքերի և ԱՍՏԾՈ նկատմամբ ցուցաբերած իր անհնազանդության պատճառով:
Ո՞ՐՆ Է ԵԼՔԸ
Սիրելի հայրենակիցնե՛ր, մենք պետք է ազգովի և անհատապես ԱՍՏԾՈՒՆ դառնանք, ամեն օր ԻՐ Երեսը փնտրենք, ԻՐ ԽՈՍՔԸ կարդանք, որ ԻՐԵՆ շատ լավ ճանաչենք, ԻՐ կամքն իմանանք և հնազանդվենք:
Յուրաքանչյուրս պետք է խոնարհություն գտնենք մեր մեջ և ընդունենք մեր մեղավոր լինելու փաստը և սրտանց զղջալով՝ ժամ առաջ խոստովանենք մեր բոլոր մեղքերն Ամենատես և Ամենագետ ԱՍՏԾՈ առջև: Ներում և թողություն աղերսենք մեր մեղքերի համար, որ ներվենք:
Եվ մեր անիծված վիճակից ձերբազատվելով, ԻՐԵՆ հավատալով և որպես մեր կյանքի ՓՐԿԻՉ և ՏԵՐ դավանելով, հնազանդվենք ԻՐ ԽՈՍՔԻՆ ու կամքին, որ ԻՐ բազում օրհնությունները վայելենք․ անհատապես և ազգովի։ (Երկ.Օր.28:1-15):
Աղոթասեր քրիստոնյաներին խնդրում և հորդորում եմ. միաբանվենք և շարունակենք ամեն օր ջերմեռանդ աղոթել համընդհանուր հոգևոր արթնության, մեր ժողովրդի փրկության, հաշտության, խաղաղության, սիրո և միաբանության համար:
ՏԵՐԸ ողորմություն անի մեր ազգի ամեն մի զավակին, որ ոչ մեկը չվնասվի, չկորսվի, այլ որ ամենքն էլ փրկվեն:
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …