«ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՐԿՆՔՈՒՄ»
(նախորդը տես հետևյալ հղումով.)
Սիրելի բարեկամներ, ՏԻՐՈՋ շնորհքով և ԻՐ առաջնորդությամբ շարունակում ենք մեր սերտողությունը. «Եկեղեցու հափշտակության մասին»:
Հիշենք, որ (Հայտ.12:5) – ում տեսնում ենք Եկեղեցու Երկինք հափշտակվելու փաստը.
«Եւ նա [Սիոնի Աղջիկը՝ Իսրայելը] մի արու զաւակ [Եկեղեցուն] ծնեց, որ պիտի հովուէ բոլոր ազգերին երկաթէ գաւազանով (Հայտ.2:26-27)։ Եւ նորա որդին (Եկեղեցին) յափշտակուեցաւ Աստուծոյ մօտ եւ Նորա Աթոռի մօտ։» — Հայտ.12:5
ՀԱՐՑ – Իսկ ի՞նչ եղավ Կինը.
«Եւ Կինը փախաւ անապատը, ուր Աստուածանից պատրաստուած տեղ ունէր, որ այնտեղ նորան կերակրեն հազար երկու հարիւրեւվաթսուն օրեր։» — Հայտ.12:6
Սիրելի բարեկամնե՛ր, առաջարկում եմ այս (Հայտ.12:6) համարը ժամանակավորապես, մտովի տեղափոխենք և այն տեղադրենք (Հայտ.12:13) համարից հետո:
Եվ երբ հասնենք այդտեղ, ապա կշարունակեկնք մեր սերտողությունը:
Իսկ այժմ տեսնենք, թե ի՞նչ իրադարձություններ են ծավալվելու երկնքնում, երբ Եկեղեցին Երկինք հափշտակվի:
Սատանան Եկեղեցու հափշտակության ժամանակը մոտավորապես կանխազգալով, օդում գտնվող իր զորքի 1/3-ը, նախապես իջեցնելու է Երկրի վրա (Հայտ․12։4): Երկնքում մնալու է զորքի 2/3-ը:
Սակայն անկարող և անզոր լինելով, որևէ կերպ արգելել Եկեղեցու հափշտակությունը, Սատանան էլ Եկեղեցու հետ, անմիջապես Երկինք է բարձրանալու, որպեսզի իր դևերի հետ միասին պատերազմի և խոչընդոտի Եկեղեցու մուտքը Երկինք։
Դա բացահայտ պատերազմ է լինելու․ Բարու և Չարի, ԱՍՏԾՈ և Սատանայի զորքերի միջև։ Եվ այդ պատերազմի դաշտը երկինքն է լինելու։
«Եւ պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին Վիշապի դէմ։ Եւ պատերազմեց Վիշապը եւ իր զօրքերը.» — Հայտ.12:7
Երկնքում, ԱՍՏԾՈ Միքայել Հրեշտակապետն իր սուրբ հրեշտակների հետ պատերազմելու է Սատանայի և նրա զորքի դեմ և նրանց ջախջախելով՝ նետելու է Երկրի վրա:
Տեսեք, թե այս համարների մեջ, Հովհաննես Առաքյալն ինչպե՞ս է բնութագրում Սատանայի էությունը․
«Եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ Վիշապը՝ այն Առաջի Օձը, որ Բանսարկու եւ Սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը Մոլորեցնողը, վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան։» -Հայտ.12:8-9
Սատանան և իր չար հրեշտակները ջախջախիչ պարտություն կրելով Երկնքում, վռնդվելու են Երկնքից։ Եվ այլևս Երկինքը հավիտյան մաքրվելու է նրանց ներկայությունից: ՓԱ՜ՌՔ ԱՍՏԾՈՒՆ:
Դրանից հետո Հովհաննես Առաքյալն ազդարարության մեծ ձայն է լսում Երկնքում.
«Հիմա Փրկութիւնը եւ Զօրութիւնը եւ Թագաւորութիւնը մեր Աստուծունը եղաւ …» — Հայտ.12:10ա
Այս նախադասությունը կարելի է այսպես հասկանալ.
«Այժմ ամբողջացավ մեր ԱՍՏԾՈ շնորհած Փրկությունը, որն իրականացավ ԻՐ Զորությունով և Եկեղեցու` ԱՍՏԾՈ Արքայություն մուտք գործելով։»
Վերջապես ՔՐԻՍՏՈՍԻ Հարսը՝ Եկեղեցին միացավ ԻՐ Փեսային՝ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՆ և ժառանգեց իրեն կտակված Ժառանգությունը:»
«…եւ Իշխանութիւնը՝ Նորա Օծեալին [եղավ]» — Հայտ.12:10բ
Ինչպես գիտենք «ՆՐԱ Օծյալը» ՔՐԻՍՏՈՍՆ Է:
ՀԱՐՑ – Գիտենք, որ ՔՐԻՍՏՈՍՆ ԱՍՏՎԱԾ Է և ողջ Իշխանությունը Երկրի վրա և Երկնքում միմիայն ԻՐԵՆ է պատկանում։ Իսկ ինչպե՞ս է որ, երբ Սատանան Երկնքում խայտառակ պարտություն կրելով վայր գցվեց, նոր միայն իշխանությունը ԻՐԵՆԸ եղավ: Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս նախադասությունը:
ԱՍՏԾՈ Արարչագործության մեջ առաջին մեղանչողը Սատանան էր: Նա մեղանչեց նախքան մարդու արարումը։ Նա հպարտացավ, ապստամբեց ԱՍՏԾՈ դեմ և փորձեց իր անձը ԱՍՏԾՈՒՑ վեր դասել, որ իրեն երկրպագեն բոլոր ստեղծվածները․ (Եսայ․14։13-14):
ԱՍՏՎԱԾ էլ պատժեց նրան այդ հանդգնության համար։ ՆԱ Սատանային և նրա հետ ապստամբած հրեշտակներին, Երրորդ Երկնքից ցած նետեց։ Եվ հավիտյան արգելեց նրանց մուտքը Երրորդ Երկինք:
Երրորդ Երկնքից վռնդվելուց հետո, Սատանան և իր դևերը, ՏԻՐՈՋ թույլտվությամբ, ժամանակավոր բնակություն հաստատեցին մեր մոլորակը շրջապատող օդային տարածությունում:
Սուրբ Ավետարանում Սատանան անվանված է նաև. «Օդի իշխանության իշխան» (Եփես.2:1-2):
Սատանայի դևերի մի մասը, ներկայումս գտնվում է օդի մեջ, մի ուրիշ մասը՝ երկրի վրա և մի երրորդ մասն էլ բանտարկված են Դժոխքի տարտարոսում (Բ․Պետ․2։4), որը նաև «Անդունդ» է կոչվում (Հայտ․9։1-3)։
ԱՍՏՎԱԾ Սատանային ժամանակավոր և սահմանափակ իշխանություն է տվել ոչ միայն Երկիր մոլորոկը շրջապատող օդային տարածությունում, այլ նաև ողջ երկրի ու նրա բնակիչների վրա․ (Ա․Հովհ․5։19)։
ՀԱՐՑ – Իսկ ՏԵՐԸ ե՞րբ է տվել այդ իշխանությունը Սատանային:
Երբ Ադամն ու Եվան Եդեմի պարտեզում մեղք գործեցին, այդ ժամանակ Ստեղծագործության վրա իշխելու նրանց իշխանությունը, ՏԵՐԸ վերցրեց նրանց ձեռքից և փոխանցեց Սատանային.
«Եւ Սատանան ասեց Նորան. «Այս բոլոր իշխանութիւնը եւ սորանց փառքը Քեզ կ’տամ. որ ԻՆՁ Է ՏՐՎԱԾ, եւ ում որ կամենում եմ տալիս եմ սորան։» — Ղուկ.4:6
Եվ այդ ժամանակից սկսած, Սատանան անվանվում է. և՛ օդի իշխանության իշխան․ (Եփես․2։2), և՛ այս աշխարհի աստվածը, կամ իշխանը․ (Բ.Կոր.4:4); (Հովհ.14:30):
Ահա հասավ ժամանակը և ԱՍՏՎԱԾ Սատանային վտարեց նաև օդից, և նրանից ետ վերցրեց ԻՐ տված օդի իշխանությունը:
Սատանան իր մեղանչելու համար․ սկզբում վռնդվեց Երրորդ Երկնքից, ուր ԱՍՏԾՈ ԱԹՈՌՆ Է գտնվում։
Իսկ Եկեղեցու Երկինք հափշտակվելուց հետո, պետք է վտարվի նաև օդային տարածքից:
Դրանից հետո Սատանայի ձեռքին մնալու է, միայն ողջ աշխարհի վրա տիրելու իշխանությունը։ Սակայն հետագայում կտեսնենք, որ ՏԵՐԸ, որոշ ժամանակ հետո դրանից էլ է զրկելու Սատանային և նրան Դժոխք է ուղարկելու:
Շարունակենք սերտողությունը 11 համարից:
«Նորանք յաղթեցին նորան [Սատանային] Գառի Արիւնովը եւ իրանց վկայութեան խօսքովը. եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչ ի մահ։» — Հայտ.12:11
Ինչպես գիտենք.
«…մեղքի հատուցումը մահն է. բայց Աստուծոյ Շնորհքը՝ Յաւիտենական Կեանք մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։» -Հռով.6:23
Եկեղեցու բոլոր քրիստոնյաների մեղքերի հատուցումը, ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ մեզանից մոտ երկու հազար տարիներ առաջ արդեն վճարել է խաչի վրա՝ ԻՐ Սուրբ Արյունը հեղելով։
ԱՍՏՎԱԾ մեղավորների հանդեպ ունեցած ԻՐ սիրուց դրդված, ԻՐ Միածինն ուղարկեց, որպես հատուցում, որպես քավություն՝ բոլոր նրանց մեղքերի, ովքեր կհավատան Նրա ԽՈՍՔԻՆ ու Գործին․
«․․․Որով ունինք փրկութիւն՝ Նորա Արիւնովը, մեղքերի թողութիւնն՝ Իր Շնորհքի մեծութեան չափովը.» — Եփես.1:7
Գրված է, որ մեղավոր անձը փրկվում և Հավիտենական Կյանք է ստանում, լսելով և հավատալով ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՆ, և ՀԻՍՈՒՍԻ խաչելությանը (Հովհ․5։24) (Եփես․1։13):
«․․․իրանց վկայութեան խօսքովը» (Հայտ.12:11բ) ։
Իսկ քրիստոնյայի վկայության խոսքը սա է․
«Աստուծո Որդուն հավատացողը, վկայութիւնն ունի ինքն իր անձումը։ Աստուծուն, չհավատացողը ստախօս է անում Նորան, որովհետեւ չի հաւատում այն վկայութեանը, որով Աստուած վկայեց Իր Որդու մասին։
Եւ սա է վկայութիւնը, որ Աստուած Յաւիտենական Կեանք պարգևեց մեզ։ Եւ այս Կեանքը Նորա Որդու մէջ է։ [Աստծո] Որդուն ունեցողը, Կեանքն ունի։ Եւ Աստուծոյ Որդուն չունեցողը՝ Կեանքը չ’ունի։» — Ա․Հովհ․5։10-12
«․․․եւ չ’սիրեցին իրանց հոգին մինչ ի մահ։» — Հայտ.12:11գ
Սկսած առաջին դարի քրիստոնյաներից մինչ մեր օրերը, քրիստոնյաները հալածվել և հալածվում են․կեղծ քրիստոնյաների, կամ ոչ քրիստոնյաների կողմից։
Այսօր էլ աշխարհի շատ այլադավան երկրներում ահավոր հալածանք, բռնություններ և դաժան սպանություններ կան քրիստոնյաների հանդեպ:
Սակայն անտեսելով այդ ամենը, շատ քրիստոնյաներ գերադասում են հավատքով և պատվով նահատակվել, քան թե ՔՐԻՍՏՈՍԻՆ ուրանալ և շարունակել ապրել:
Փառք ՏԻՐՈՋԸ ԻՐ սուրբերի համար։
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ ծառան՝ Ս․Շ․
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …