«ԿԻՆԸ» ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ՛, ՄԱՐԻԱՄԸ ՉԻ՛, ԵՎ Ո՛Չ ԷԼ «ԱՐՈՒ ԶԱՎԱԿԸ» ՀԻՍՈՒՍՆ Է
(նախորդը տես հետևյալ հղումով.)
Սիրելի բարեկամնե՛ր, ՏԻՐՈՋ Շնորհքով և առաջնորդությամբ շարունակում ենք «Եկեղեցու հափշտակության» թեմայի ուսումնասիրությունը ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՑ։
Այժմ աղոթքով և ՏԻՐՈՋ շնորհքով, փորձենք սերտել և հասկանալ Հայտնության Գրքի 12-րդ գլխում, Եկեղեցու հափշտակության մասին եղած մարգարեությունները։
ՏԵՐԸ օրհնի և լուսավորի մեր ճամփաները, որ չշեղվենք Ճշմարտության Ճանապարհից:
«Եւ մի մեծ նշան երեւեցաւ երկնքումը. «մի կին արեգակն իր վերայ առած. լուսինը նորա ոտների տակ եւ նորա գլխի վերայ տասնեւերկու աստղերից պսակ։» — Հայտ.12:1
ՀԱՐՑ – Ո՞վ է այս Կինը:
Միանգամից ասենք, որ խոսքը չի վերաբերվում իգական սեռի ներկայացուցչի, այլ սա փոխաբերություն է:
1) Ոմանք ասում են, որ Կինը ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցին է:
Սիրելի բարեկամնե’ր, այս տեսակետը չի կարող ճիշտ համարվել, հենց թեկուզ այն պատճառով, որ․ ոչ թե Եկեղեցին է ծնել ՔՐԻՍՏՈՍԻՆ, այլ՝ ընդհակառակը: Դրանում համոզվելու համար դիտարկենք մի քանի օրինակներ․
ա) Եկեղեցին հիմնված է լոկ ՔՐԻՍՏՈՍԻ վրա, և ՆԱ Է Եկեղեցու Անկյունաքարը.
«Առաքեալների եւ մարգարէների Հիմքի վերայ շինուած, որի Անկիւնի Գլուխը՝ Յիսուս Քրիստոսն է» — Եփես.2:20
բ) Եկեղեցին ՔՐԻՍՏՈՍԻ Մարմինն է և ՔՐԻՍՏՈՍԸ Եկեղեցու Գլուխն է.
«Եւ Նա Է Մարմնի՝ այսինքն Եկեղեցու Գլուխը, որ Նա է Սկիզբը, մեռելների Անդրանիկը. որպէսզի ամեն բանի մէջ Նա լինի Առաջինը։» — Կող.1:18
գ) Եկեղեցին ՔՐԻՍՏՈՍԻ Հարսն է, որ իր ժամանակին, ՔՐԻՍՏՈՍԸ երկրի վրայից նրան պետք է Երկինք հափշտակի. (Ա.Թես.4:16):
Եվ եթե Եկեղեցու Անկյունաքարը ՀԻՍՈՒՍՆ Է, Եկեղեցու Մարմինը՝ ՀԻՍՈՒՍՆ Է, Գլուխը՝ ՀԻՍՈՒՍՆ Է, և եթե Եկեղեցին ՀԻՍՈՒՍԻ Հարսն է, ապա այսքանից հետո ինչպե՞ս կարելի է ենթադրել, որ (Հայտ.12:1)-ի Կինը՝ դա Եկեղեցին է:
Ուրեմն, այս տեսակետը սխալ է և ոչ սուրբգրային:
2) Ոմանք էլ ասում են, որ Կինը ՀԻՍՈՒՍԻ մայր Մարիամն է:
Աստվածաբաններն ու ժամանակագիրներն ասում են, որ Հայտնության Գիրքը Հովհաննես Առաքյալի միջոցով, հնարավոր է, որ գրել է Հ.Ք. 90-96 թվականների ժամանակահատվածում:
Սիրելինե՛ր, Հայտնության Գրքի մեծ և հիմնական բանալին (1:19) համարն է.
«Գրի՛ր ինչ որ տեսնում ես, ինչ կա, եւ ինչ որ նորանից յետոյ լինելու է։» — Հայտ.1:19
Այս խոսքերը միանշանակ վերաբերվում են ներկայում և ապագայում կատարվելիք դեպքերին։ Սակայն այստեղ ոչ մի խոսք, կամ ակնարկ չկա անցյալում կատարված դեպքերի, կամ կատարված մարգարեությունների մասին:
Հետևաբար․ Հայտնության Գրքում եղած բոլոր մարգարեությունները, պետք է սերտենք Հ․Ք․90-96 թվականներից հետո ընկած գալիք ժամանակաշրջանների մեջ և ոչ թե՝ անցյալի:
Եվ եթե այդպես չվարվենք, ապա շատ հեշտ կմոլորվենք Ճշմարտության Ճանապարհից:
Իսկ ովքեր պնդում են, որ Կինը դա Մարիամն է, ցավոք սրտի, արդե՛ն մոլորված են, որովհետև անհնար է, որ անցած-գնացած և արդեն կատարված դեպքերի մասին մարգարեություններ լինեին Հայտնության Գրքում:
«1 Յիսուս Քրիստոսի Յայտնութիւնը, որ Աստուած տուաւ Նորան, որպեսզի ցոյց տա Իր ծառաներին. ինչ որ ՇՈՒՏՈՎ ՊԻՏԻ ԼԻՆԻ։ Եւ Նա ցույց տվեց ուղարկելով [դա] Իր հրեշտակի միջոցով՝ Իր Յովհաննէս ծառային. 2 Ով վկայեց Աստուծոյ Խօսքին եւ Յիսուս Քրիստոսի վկայութեանը, որ տեսաւ։ 3 Երանելի են այս մարգարէութեան Խօսքերը կարդացողը եւ լսողները, եւ սորանում գրուածները պահողները. որովհետեւ ժամանակը մօտեցել է։» — Հայտ.1:1-3
Այս համարները Հայտնության Գրքի առաջին երեք համարներն են, որոնք ցույց են տալիս, որ այս Գրքում եղած բոլոր մարգարեությունները վերաբերվում են ապագայում կատարվելիք իրադարձություններին. (…ցույց տալու. ինչ որ շուտով պիտի լինի…), (…որովհետեւ ժամանակը մօտեցել է։):
Իսկ մինչ այդ ժամանակները` Հ. Ք. 90-96 թ. չորս Ավետարաններում գրված բոլոր դեպքերը վաղուց կատարված և ավարտված էին:
Հետևաբար անհնար է, որ Հայտնության Գրքում․ Մարիամի, ՀԻՍՈՒՍԻ ծննդյան և Երկինք Համբարձման մասին մարգարեություններ լինեին․ այդ դեպքերի ի կատար ածվելուց տասնյակ տարիներ հետո:
ՏԵՐԸ երբեք անցած գնացած դեպքերի մասին մարգարեություններ չի տվել:
Եվ անցյալում արդեն կատարված դեպքերն ու իրադարձությունները չի կարելի կոչել մարգարեություններ, քանի որ դրանք անցյալ կատարյալ ժամանակում են:
Դրանց կարելի է անվանել․ իրական պատմություններ, պատմական փաստեր, կատարված դեպքեր, սակայն ոչ երբեք՝ մարգարեություններ:
Այժմ մի քանի այլ փաստեր ևս, որ «Կինը» չի կարող լինել Մարիամը, իսկ ծնվող արու զավակը՝ ՀԻՍՈՒՍԸ:
ա) Մարիամը ՀԻՍՈՒՍ Մանուկին ծնելուց հետո 1260 օրով չփախավ անապատ: Այլ իր ամուսնու՝ Հովսեփի և երեխայի հետ, ՏԻՐՈՋ հրամանով Եգիպտոս գնացին և այնտեղ մնացին ԵՐԿՈՒ տարի: Իսկ 1260 օրը երեք ու կես տարի է:
բ) ՀԻՍՈՒՍ մանուկը ծնվելուց հետո, անմիջապես Երկինք չհափշտակվեց, այլ երեսուներեք տարիներ ապրեց Երկրի վրա, ամբողջությամբ իրականացնելով այն Առաքելությունը, որի համար աշխարհ էր ուղարկվել:
Եվ միայն այդ ամենից հետո խաչվեց, Հարություն առավ և քառասուն օրեր հետո՝ Երկինք Համբարձվեց:
Ի դեպ․ Համբարձվելն ու հափշտակվելը հոմանիշներ չեն և միևնույն իմաստը չեն արտահայտում:
Հիշենք նաև, որ Սուրբ Ավետարանում հափշտակություն բառը միայն Եկեղեցու նկատմամբ է գործածված:
Սիրելի բարեկամնե՛ր, այսօրվա այս կարճ սերտողության մեջ, ՏԻՐՈՋ շնորհքով քննեցինք ԻՐ ԽՈՍՔԻ որոշ հատվածներ և համոզվեցինք, որ․ «Կինը» և «արու զավակը» փոխաբերական իմաստով են գործածված:
Արդ Կինը չի կարող լինել Եկեղեցին, չի կարող լինել նաև ՀԻՍՈՒՍԻ մայր Մարիամը:
Նույնպես և «Արու զավակը» չի կարող լինել ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ:
Մեր հաջորդ սերտողության ընթացքում, ՏԵՐԸ կամենա, կփորձենք հասկանալ, թե ինչու՞ այնուամենայնիվ որոշ աստվածաբաններ համոզված են, որ Կինը Մարիամն է, իսկ արու զավակը՝ ՀԻՍՈՒՍԸ, և որո՞նք են նրանց շփոթության հիմնական պատճառները:
ՏԻՐՈՋ շնորհքով կիմանանք նաև, թե իրականում ո՞վ է Կինը և ո՞վ՝ արու զավակը:
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …