(նախորդը տես հետևյալ հղումով.)
Սիրելի բարեկամնե՛ր, ՏԻՐՈՋ շնորհքով և ԻՐ առաջնորդությամբ առաջանանք Հայտնության Գրքի 12 գլխի իրադարձությունների ուսումնասիրման մեջ:
«Եւ նա յղի լինելով՝ աղաղակում էր երկունք քաշելով եւ չարչարուելով որ ծնէ։» — Հայտ.12:2
Սիոնի Աղջիկը՝ Իսրայելը հղի լինելով Եկեղեցով, երբ ծննդաբերելու ժամանակը հասնի, պիտի երկունքի ցավեր քաշի և ահավոր դժվարություններով ու նեղություններով անցնի: Այսինքն ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցու հափշտակությանը պետք է նախորդի Իսրայելի խիստ նեղություններն ու դժվարությունները:
Հնարավոր է, որ Իսրայելը մեծ ու դաժան պատերազմի մեջ ներքաշվի և այդ պատերազմը լինի կրոնական հողի վրա: Իսկ պատերազմի ժամանակ գիտենք, որ ահավոր դժվարություններ և նեղություններ են առաջանում պատերազմող երկրներում:
Եկեղեցու հափշտակութնունից առաջ, ամբողջ աշխարհում, հատկապես Իսրայելում աննախադեպ ծաղկում է ապրելու օկկուլտիզմը․ (դիվային, մոլորեցնող գաղտնի գիտությունը) և մոլար դիվային ուսմունքներով առաջնորդվող պիղծ «եկեղեցին», որը չի կարելի շփոթել ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցու հետ:
Ինչի՞ց ենք իմանում այս մասին:
Հաջորդ (Հայտ.12:3-4) համարները մեզ տեղեկացնում են այդ մասին.
«Եւ մի ուրիշ նշան երեւեցաւ Երկնքումը. եւ ահա մի մեծ Վիշապ՝ կրակի պէս կարմիր. որ եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր, եւ նորա գլուխների վերայ եօթը թագ.» — Հայտ.12:3
Այս կարմիր Վիշապի գլուխների և եղջյուրների մասին կխոսենք հետագայում, իսկ առայժմ փաստենք, որ այս Վիշապը Սատանան է (Հայտ.12:9):
«Եւ նորա պոչը քաշում էր երկնքի աստղերի երրորդ բաժինը, եւ նորանց գցեց երկրի վերայ։ Եւ Վիշապը կանգնած էր այն Կնկայ առաջին, որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին։» — Հայտ.12:4
Սիրելի բարեկամնե՛ր, Կնոջից բացի, իրադարձությունների արենայում տեսնում ենք նաև Սատանային՝ Վիշապի կերպարանքով:
ԱՍՏԾՈ դեմ մեղք գործելուց հետո, ՏԵՐՆ արգելեց Սատանայի մուտքը Երրորդ Երկինք, որ ԱՍՏԾՈ Նստավայրն է՝ Դրախտը․ (Բ.Կոր.12:1-4):
Սատանային և իր հետ ապստամբած հրեշտակներին՝ դևերին, թույլատրվեց ժամանակավորապես բնակվել մեր մոլորակի շուրջն առկա օդային տարածքում:
(Եփես.2:2)-ում։ Սատանան անվանված է Օդի իշխանության իշխան։
Սատանայի դևերի մի մասը տեղակայված է օդում, մի մասը երկրի վրա, իսկ մի երրորդ մաս դևեր էլ գտնվում են երկրի ընդերքում՝ Անդունդում:
Աստղերը (Հայտ.1:20) – ում հրեշտակներ են անվանված: Արդ (Հայտ.12:4)-ի աստղերն էլ պետք է հասկանալ՝ հրեշտակներ, սակայն՝ չար հրեշտակներ:
Սատանան կանխազգալով Եկեղեցու հափշտակման ժամանակի մոտենալը, նախապատրաստվելու է խոչնդոտել այդ իրադարձությանը:
Դրա համար օդում գտնվող իր հրեշտակների 1/3 – ը պետք է իջեցնի երկրի վրա, որ ավելի հզորանա, որպեսզի Կնոջ Արու Զավակի ծնվելուն պես, կուլ տա և ոչնչացնի նրան՝ ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցուն․
«…Վիշապը կանգնած էր այն կնկայ առաջին որ պիտի ծնէր, որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին» — Հայտ.12:4գ
Այսինքն Սատանան իր դիվային զորքը տեղակայելու է Երուսաղեմում՝ ԱՍՏԾՈ Սուրբ քաղաքում:
Իսկ երբ երկրի վրա դևերի քանակն ավելանա, բնականաբար պիտի ավելանան օկկուլտիզմը և դիվային ուսմունքներով առաջնորդվող պիղծ եկեղեցիների թիվը. նախ Իսրայելում, այնուհետև՝ ամբողջ աշխարհում:
Եվ այդ իրադարձությունները հստակ ՆԱԽԱՆՇԱՆ են Եկեղեցու շատ մոտալուտ հափշտակության մասին։
Այսինքն, երբ տեսնենք այս ամենը կատարվելիս, պետք է հասկանանք, որ Եկեղեցին ուր որ է Երկինք է հափշտակվելու։
Սատանան այդ ամենն անում է մեկ նպատակով. որպեսզի հնարավորինս մոլորեցնի Ճշմարիտ քրիստոնյաներին, նրանց շեղի-հեռացնի Եկեղեցուց, չփրկվածներին էլ արգելի փրկվելուց, Եկեղեցուն միանալուց և նրա հետ Երկինք հափշտակվելուց:
Պողոս առաքյալը երիտասարդ հովիվ Տիմոթեոսին տեղեկացնում է, ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ ստացած իր մարգարեության մասին, որն իրականանալու է վերջին ժամանակներում.
«Եւ Հոգին յայտնի ասում է, թէ. «Յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների, Ստախօսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է.» — Ա. Տիմ.4:1-2
Իսկ Թեսաղոնիկեի եկեղեցու քրիստոնյաներին էլ գրում է հիշեցնելով.
«…Որովհետեւ անօրէնութեան խորհուրդն արդէն զօրանում է. Միայն թէ մինչեւ որ մէջ տեղիցը վեր առնուի այժմ Խափանողը։» — Բ.Թես.2:7
Սիրելի բարեկամնե՛ր,եթե ուշադիր զննենք մեր շուրջն առկա հոգևոր դաշտը, ապա այսօր էլ Ճշմարիտ Եկեղեցու կողքին կհայտնաբերենք թե՛ բացահայտ և թե՛ քողարկված մոլորեցնող ոգիների և օրե օր շատացող, դիվային ուսմունքներ քարոզող ամենատարբեր գուշակների, պայծառատեսների, էզոթերիկների, աստղաբանների, հորոսկոպագետների, ոգի կանչողների, վախ բռնողների, էքստրասենսերի, բժշկողների, հոգեթերապևտների և այլն և այլն:
Դրանք բոլորը Սատանայի հնազանդ կամակատարներն են, շատ ժամանակ իրենք էլ տեղյակ չլինելով այդ մասին:
Ցավոք սրտի, Սատանան իր ճարպիկ գործակալներն ունի նաև քրիստոնեական եկեղեցիներում, որոնք «գառան մորթիներով գայլերն են» (Մատթ.7:15-20)․
Մեռոն եփողներ, ջրային մկրտությունով մկրտվողներին Վերստին ծնվածներ հռչակողներ։ Մարդկային դիակներն ԱՍՏԾՈ Տանը դնելով՝ Սուրբ սրահները պղծողներ։
Իրենց ամպագորգոռ և Աստվածային տիտղոսներով հորջորջող, շահամոլ ու հպարտ կաթողիկոսներ, պապեր, կարդինալներ, պատրիարքներ։
Ապօրինի և ինքնակոչ «վարդապետներ ու քահանաներ» և այլ առաջնորդներ։ Խաչյալին ուրացած՝ բայց խաչը պաշտողներ, ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ անտեսած՝ հայրերի վարդապետությամբ և եկեղեցու ավանդություններով առաջնորդվողներ։
ՔՐԻՍՏՈՍԻ աստվածությունն ուրացած՝ սակայն իրենց սուրբ քրիստոնյաներ համարողներ։ Բժշկության և այլ «պարգև ունեցողներ», երազատեսներ, «Վերից տեսիլքներ ստացող» ինքնակոչ մարգարեներ, անիրական, անհասկանալի և անթարգմանելի դիվային լեզվով «աղոթողներ»։
Զանազան մոլար վարդապետություններով, կին քարոզիչներով և կին հովիվներով, կնոջ կողմից արված մարգարեություններով առաջնորդվողներ։ ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ անարգող, սակայն շաբաթ օրը «սուրբ պահողներ» և այլն և այլն:
Սուրբ Ավետարանն ասում է.
«Եւ զարմանալի էլ չէ. Որովհետեւ Սատանան ինքն էլ Լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։ Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանուին Արդարութեան պաշտօնեաների նման, որոնց վերջը իրանց գործերին պէս կ’լինի։» — Բ.Կոր.11:14-15
Էլ չենք խոսում սոդոմական մեղքերի, (նույնիսկ դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում) բացահայտ քարոզչության, և նույնիսկ որոշ «եկեղեցիների» կողմից միասեռ ամուսնությունների ծիսակատարություններ իրականացրած և «օրհնած» սպասավորների մասին:
Խոսենք փաստերով.
Ճշմարիտ Եկեղեցու Գլուխը ՔՐԻՍՏՈՍՆ Է. (Եփես.1:22, 5:23):
Բայց կաթոլիկ «եկեղեցու» գլուխը… Հռոմի Պապն է:
Փաստորեն այդ «եկեղեցին» ՔՐԻՍՏՈՍԻՆԸ չի, այլ ոմն մարդու: Եվ եթե ՔՐԻՍՏՈՍԻՆԸ չի, ուրեմն Սատանայինն է: Եվ դա ակնհայտ է, դա փաստ է:
Ով ուզում է համոզվի դրանում, թող աղոթքով և ամենայն ուշադրությամբ ուսումնասիրի այդ «եկեղեցու» պատմությունը՝ Պապերի և ծառայողների վարք ու բարքերը, նրանց գործերը, նրանց անցյալն ու ներկան:
Սակայն այդ «եկեղեցու» շարքային հավատացյալներին շատ չենք մեղադրում, նրանք ուղղակի մոլորված են և դեռևս հնարավորություն ունեն արթնանալու, ապաշխարելու և փրկվելու:
Արթնանալու և ապաշխարելու հնարավորություն ունեն նաև Հռոմի Պապն ու իրենց բոլոր սպասավորները և ամենքը, քանի դեռ Եկեղեցին չի հափշտակվել, քանի դեռ չի եկել ՏԻՐՈՋ բարկության սարսափելի Օրը:
Ցավալին ու վտանգավորն այն է, որ կաթոլիկ «եկեղեցին» մեծ աշխատանքներ և քարոզչություն է տանում տարբեր հարանվանությունների և կրոնական խմբավորումների մեջ՝ նրանց իր դիվային սարդոստայնի մեջ ներգրավելու ուղղությամբ:
Համաշխարհային եկեղեցիների խորհուրդը և էկումենիկ շարժումն ամբողջ աշխարհում, այդ գործընթացի ջատագովներն են:
Այսօր արդեն շատ սերտ հարաբերություններ են հաստատվել խարիզմատ և կաթոլիկ «եկեղեցիների» միջև:
Եվ երևի հեռու չէ այն օրը, երբ խարիզմատները բացահայտ կհայտարարեն կաթոլիկների հետ իրենց միության մասին, մանավանդ այն բանից հետո, երբ ոչ անհայտ խարիզմատ հովիվ և «Կյանքի Խոսք» «եկեղեցու» հիմնադիր Ուլֆ Էկմանը, իր կնոջ հետ միացան կաթոլիկ «եկեղեցու» համայնքին:
Եվ այս ամենն անելով, Սատանան իր դևերով հանդերձ, պարարտ հող է նախապատրաստում Հակաքրիստոսի՝ Նեռի գալուստը դիմավորելու համար:
Սիրելի հայրենակի՛ց, Սուրբ Գիրքն ասում է, որ մինչ Նեռի հայտնվելը ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցին պիտի Երկինք հափշտակվի։ Եվ Երկրի վրա մնացողների համար, ահավոր նեղություններ պիտի սկսվեն, որոնց նմանը դեռևս չի եղել երբևէ․ (Մատթ․24։21)։ Այս մասին տեղյա՞կ ես:
Եվ եթե տեղյակ ես, ապա խորհե՞լ ես արդյոք, թե քեզ որտե՞ղ ես տեսնում. Երկինք Հափշտակվող Սուրբ Եկեղեցու մե՞ջ, թե՞ երկրի վրա մնացածների․․․
Սիրելինե՛ր, ՏԻՐՈՋ շնորհքով և առաջնորդությամբ հաջորդ սերտողության մեջ կխոսենք Երկնքում տեղի ունենալիք Բարու և Չարի զորքերի պատերազմի մասին:
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …