Ի՞ՆՉ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ ՊԵՆՏԵԿՈՍՏԵԻ ՕՐԸ — 2
(նախորդը տես հետևյալ հղումով.)
1) Պենտեկոստեի օրը, Երուսաղեմում մեկտեղ հավաքված աշակերտները մկրտվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, այսինքն Վերստին ծնվեցին, միևնույն ժամանակ լցվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ և սկսեցին խոսել․ գոյություն ունեցող մարդկային զանազան լեզուներով, ինչպես որ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ նրանց խոսել էր տալիս․(Գործ․1։5,8); (Գործ․2։3-4)։
ԻՆՉՊԻՍԻ՞ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԽՈՍԵՑԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ
Վերստին ծնվելով և լցվելով ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, աշակերտները դուրս եկան փողոց, և սաստիկ քամու ձայնի վրա մեկտեղ հավաքված բազմությանը խոսեցին, մինչ այդ պահն իրենց անծանոթ, ազգային զանազան լեզուներով։ (Եսայ․28։11), (Մարկ․16։17); (Գործ․2։4)։
Արտասովոր ձայնի վրա հավաքված բազմությունը հիմնականում հրեաներ էին սփյուռքից Երուսաղեմ եկած Աստվածավախ մարդիկ, որոնք ծնվել ու մեծացել էին Հրեաստանի սահմաններից դուրս այլ երկրներում։
Սակայն լինելով ազգությամբ հրեա, այդ օրերին հավաքվել էին Երուսաղեմում, նշելու Պենտեկոստեի տոնը։ Եվ նշված են մոտ 16-17 տարբեր ազգերից եկածներ (Գործ․2։9-11)։
ա) այդ լեզուները, որոնցով խոսեցին ՀԻՍՈՒՍԻ աշակերտները, երկրի վրա գոյություն ունեցող տարբեր ազգերի հանրահայտ լեզուներ էին, քանի որ նրանց լսողները վկայում էին, որ լսում և հասկանում են նրանց ասածները այն ազգերի լեզուներով, որոնց երկրներում և որ ազգերի մեջ, որ իրենք ծնվել և ապրում էին։
բ) Որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնում, որ խոսողները խոսում էին միևնույն լեզվով, իսկ լսողները լսում էին յուրաքանչյուրն իր երկրի լեզվով։
Այս կարծիքը սխալ է, քանի որ խոսողներն էին խոսում տարբեր լեզուներով (Գործ․2։4) , իսկ լսողներից յուրաքանչյուրը լսում և զարմանում էր, որ գալիլիացի մարդիկ, հանկարծ սկսել են խոսել իրենց երկրների լեզուներով։
Եվ ճիշտը դա է, քանի որ հրաշքը ոչ թե լսողների հետ էր կատարվել, այլ խոսողների։
(Գործ․2։13) – ում կարդում ենք․ «Իսկ ուրիշները ծաղր անելով ասում էին․ «Քաղցր գինուց արբած են։»
Այս «ուրիշները» հավանաբար տեղաբնակ հրեաներն էին, ովքեր այլ ազգերի լեզուները չէին հասկանում, սակայն ճանաչելով Առաքյալներին մտածում էին, որ նրանք գինուց հարբած են և անհասկանալի բաներ են խոսում։
Այնուհետև գրված է, որ Պետրոս Առաքյալը ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ լցված, վերկացավ և ձայնը բարձրացնելով դիմեց բազմությանը և հավաստիացրեց, որ այս մարդիկ հարբած չեն, քանի որ դեռ առավոտյան ժամը ինն է։ Այլ սա Հովելի մարգարեությունն է կատարվում։
2) Իսկ Հովելի մարգարեությունն ասում է․
«Եւ կ’լինի յետի օրերումը, ասում է Աստուած, որ Իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կ’մարգարէանան. Եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ’տեսնեն, եւ ձեր ծերերը երազներ կ’տեսնեն։ Եւ Իմ ծառաների վերայ եւ Իմ աղախինների վերայ էլ այն օրերումն Իմ Հոգուցը կ’թափեմ, եւ կ’մարգարէանան։
Եւ նշաններ կ’տամ վերեւը երկնքումը, եւ նշաններ ներքեւը երկրումը, արիւն եւ կրակ եւ ծխի մառախուղ։ Արեգակը խաւար կ’դառնայ, եւ լուսինն արիւն, Տիրոջ Մեծ եւ երեւելի Օրը դեռ չ’եկած։ Եւ կ’լինի, ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչէ՝ կ’փրկուի։» (Գործ․2։17-21)։
Պետք է նշենք, որ Պենտեկոստեի օրն այս մարգարեությունը միայն մասամբ կատարվեց․ (№17-18)։
Իսկ (№19-21) համարներում նշված դեպքերը չկատարվեցին։ Դրանք ապագայում կատարվելիք մարգարեություններ են։
Բայց չի նշանակում, որ երբ այս մարգարեություն ամբողջական կատարման ժամանակը հասնի, ի կատար է ածվելու մնացած մասը՝ (№19-21) համարներում նշվածը։
Այս մարգարեությունն ամբողջությամբ ի կատար է ածվելու Մեծ Նեղության շրջանի վերջում։
Թեպետ №17 – ում գրված է, որ «Իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ,», սակայն ինչպես տեսնում ենք Պենտեկոստեի օրը, ԱՍՏՎԱԾ ԻՐ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ամեն մարմնի վրա չթափեց, այլ միայն ոմանց վրա։ Եվ Իսրայելի բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները չմկրտվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ և ամենքը չմարգարեացան, այլ միայն ոմանք․․․
«Ոմանք» — ը ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ Առաքյալներն էին, միգուցե նաև որոշ մարգարեներ․ (Գործ․11։27-28), նաև որոշ կանայք․(Գործ․21։9)։ Համենայն դեպս, այդ պահին ուրիշ մարգարեացողների մասին հիշատակումներ չկան՝ բացի Առաքյալներից։
Ենթադրել, որ միատեղ հավաքվածները 120 հոգիներ էին, հավաստի չէ, քանի որ (Գործ․1։13-14) համարներում կոնկրետ նշված է վերնատանը բնակվողների անուները, նաև կանայք։ Պարզ է, որ նրանց տրամաբանական քանակը չի կարող լինել 120։
Իսկ 120 հոգիների մասին, որոնք ժողով գումարեցին, խոսվում է (Գործ․1։15) – ում։ Սա նույն վերնատան ժողովուրդը չեն։ Եվ այստեղ արդեն չկան կանայք, այլ միայն եղբայրներ են հավաքվել, որոշելու Հուդա Իսկարիովտացու փոխարեն ուրիշ մեկին ընտրելու հարցը։
Եվ հայտնի էլ չէ, թե հավաքվածները կոնկրետ որտե՞ղ էին հավաքվել․վերնատանը՞, թե՞ մի այլ տեղ։
Եվ հավաստի չէ այն կարծիքը, որ երբ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ իջավ միատեղ հավաքվածների վրա (Գործ․2։1-2), նրանք այդ պահին 120 հոգով էին։
Այս համարներում չի էլ նշված․ ոչ հավաքույթի կոնկրետ տեղը, ոչ մարդկանց անուններ և ոչ էլ մարդաքանակներ։
Եվ պարզ է դառնում, որ դրանք տարբեր իրադարձություններ են, տարբեր ժամանակներ են և տարբեր մարդաքանակներ։
Եվ այդ ամենը միավորելն ու միատեղելը ճիշտ չէ։
(Գործ․2։14)- ում արձանագրություն կա Պետրոսի և տասնմեկ Առաքյալների մասին, և ուրիշների մասին խոսք չկա։
(Գործ․2։37, 42 և 43) համարներում ևս խոսվում է միայն Առաքյալների գործերի մասին, և ուրիշ գործավորների մասին դարձյալ ոչ մի խոսք։
ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ Ի՞ՆՉ ԽՈՍԵՑԻՆ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԸ ՏԱՐԱԼԵԶՈՒ ԲԱԶՄՈՒԹՅԱՆԸ
(Գործ․2։4)- ից տեղեկանում ենք, որ միատեղ հավաքվածները լցվեցին ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, և հանկարծ սկսեցին խոսել իրենց անծանոթ, տարբեր ազգերի լեզուներով, և խոսում էին ոչ թե ինչպես իրենք էին ուզում, այլ ինչպես իրենց լցնող ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ էր նրանց խոսել տալիս․
«Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին զանազան լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։» (Գործ․2։4)։
Իսկ ի՞նչ էին խոսում։ Արդյոք կարելի՞ է ընդունել, որ «խոսելը» պետք է հասկանալ․ «աղոթել»։
Իհարկե ոչ։ Այդպես ենթադրելու իրավունք չունենք, քանի որ լսողները վկայում էին, որ Առաքյալներն «ԱՍՏԾՈ մեծամեծ բաներն են խոսում։» (Գործ․2։11)։
«ԱՍՏԾՈ մեծամեծ բաներ խոսելն» աղոթել չի։
Հետևաբար չի կարելի ասել, որ նրանք մկրտվելով և լցվելով ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, սկսեցին աղոթել տարբեր լեզուներով։
(Գործ․2։17)-ում, ՏԵՐՆ ասում է․ «․․․Իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կ’մարգարէանան»։
Գրված է․ «Կմարգարեանան», և ոչ թե «կաղոթեն», իսկ մարգարեանալը՝ աղոթել չէ, այլ դրանք տարբեր բաներ են։
Մարգարեանալը ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ՏԻՐՈՋԻՑ ստանալ և մարդկանց փոխանցելն է, աղոթելը՝ մարդկանց խոսքերն ԱՍՏԾՈՒՆ հանձնելն է։
Սիրելի բարեկամներ, անհասկանալի, անթարգմանելի, գոյություն չունեցող, անիրական լեզվով «աղոթող» մեր շատ հայրենակիցներ, հիմնվելով Հովելի մարգարեության վերը նշված հատվածի վրա, պնդում են, որ իրենք ևս մկրտվել են ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ և «աղոթում են» զանազան օտար լեզուներով․․․
Հովել մարգարեն մարգարեանալով ասում էր, որ ձեր զավակները կմարգարեանան, երիտասարդները տեսիլքներ կտեսնեն և ծերերը՝ երազներ (Գործ․2։17-18):
Բայց անհասկանալի, անթարգմանելի և անիրական լեզվով աղոթելու պարգևի մասին ոչ մի խոսք չասեց։
Սիրելի բարեկամնե՛ր, ՏԻՐՈՋ Շնորհքով և աղոթքով քննարկեցինք Գործ Առաքելոց Գրքի որոշ հատվածներ և համոզնվեցինք, որ․
ա) Առաքյալները, մարդկային, հասկանալի զանազան լեզուներով ոչ թե աղոթեցին, այլ մարգարեացան՝ պատմելով ԱՍՏԾՈ մեծամեծ գործերի մասին․ (Գործ․2։11)։
բ) Առաքյալների խոսած լեզուները, կոնկրետ ազգերի, հասկանալի և հանրածանոթ լեզուներ էին և լսողները հասկացան ու հիացան․ (Գործ․2։12)։
գ) մարդկային զանազան լեզուներով աղոթելու շնորհքը տրվեց ոչ թե աղոթելու, այլ՝ մարգարեանալու համար։Առաքյալները խոսեցին, այսինքն մարգարեացան ուրիշ լեզուներով, սակայն երբևէ չաղոթեցին անհասկանալի, անթարգմանելի և անիրական լեզվով։
Սիրելիներ, մնացյալ հետևությունները թողնում եմ ձեր հայեցողությունը։
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ ծառան՝ Ս․Շ․
(հաջորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …