ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՇՆՈՐՀՆԵՐՆ ՈՒ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
(նախորդը տես հետևյալ հղումով.)
Ո՞ՐՆ Է ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ.
1) ՔՐԻՍՏՈՍԻ Սուրբ Եկեղեցին, թե՛ երկրի վրա ապրող և թե՛ ի ՏԵՐ ննջած բոլոր Վերստին ծնված քրիստոնյաների միասնությունն է․
«Յիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը Ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ Արքայութիւնը մտնել։» (Հովհ․3։5)։
Ե՞ՐԲ, ՈՐՏԵ՞Ղ, ՈՐՈՆՑԻ՞Ց և ՈՒ՞Մ ԿՈՂՄԻՑ ՀԻՄՆՎԵՑ ԵԿԵՂԵՑԻՆ
2) Պենտեկոստեի տոնի օրը Երուսաղեմում, ԱՍՏՎԱԾ հիմնադրեց հեթանոսներից կազմավորվող ԻՐ Սուրբ Եկեղեցին։ (Գործ․2։1-4)։
3) Համապատասխան ծառայություններ և գործեր գործելու համար, ԱՍՏՎԱԾ Եկեղեցու որոշ անդամների օժտեց հոգևոր զանազան շնորհներով՝ պարգևներով․
«Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է։» (Ա․Կոր․12։4)։
4) ԻՐԵՆ Սուրբ պաշտամունքներ մատուցելու, Եկեղեցին կառավարելու, անդամներին հոգ տանելու և զանազան այլ առաքելություններ և գործեր իրականացնելու համար, ԱՍՏՎԱԾ ԻՐ զավակներից ընտրեց առաջնորդներ, պաշտոնյաներ և զանազան ծառայողներ. սակայն բոլորին միևնույն պաշտոնը չտվեց, այլ նրանց պաշտոնները տարբեր են․
«Եւ պաշտօնները զանազան են, բայց Տէրը նոյնն է։» (Ա․Կոր․12։5)։
«Եւ Աստուած ոմանց դրաւ Եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին։ Երրորդ՝ վարդապետներին. յետոյ հրաշագործության զօրութիւններ. նույնպես և բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառաւարութիւններ, զանազան լեզուներ։» (Ա․Կոր․12։28)։
5) ԱՍՏՎԱԾ ԻՐ Եկեղեցու բոլո՞ր անդամներին է տվել պաշտոններ և հոգևոր պարգևներ, թե՞ միայն ոմանց՝ միայն նրանց ովքեր ԻՐ կողմից կանչված են ծառայության։
Սուրբ Ավետարանն ասում է․«․․․ ոչ բոլորին, այլ՝ միայն ոմանց»․
«Եւ Նա մի քանիսին տուաւ առաքեալներ լինելու, մի քանիսին՝ մարգարէներ, մի քանիսին՝ աւետարանիչներ, մի քանիսին՝ հովիւներ եւ վարդապետներ։» (Եփես․4։11):
«Մի՞թէ ամենն առաքեալներ են. Մի՞թէ ամենը մարգարէներ են. Մի՞թէ ամենը վարդապետներ են. Մի՞թէ ամենը զօրութիւններ անող են։ Մի՞թէ ամենը բժշկութիւնների պարգեւներ ունին. Մի՞թէ ամենը լեզուներ են խօսում. Մի՞թէ ամենը թարգմանում են։» (Ա․Կոր․12։29):
ԻՆՉԻ՞ և ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԵՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՎՈՐ ՇՆՈՐՀՆԵՐԸ՝ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ․
6) Բոլոր՝ անհասկանալի, անթարգմանելի և անիրական լեզվով «աղոթողները» սխալված են, երբ պնդում են, որ այդ «պարգևը» տրված է անհատին, իր անձի շինության համար։ Եվ որպես ապացույց ներկայացնում են (Ա․Կոր․14։2) – ը, որն ինչ խոսք սխալ են մեկնաբանում։
Ոչ մի հոգևոր պարգև, ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ չի տվել անձի անհատական շինության համար։
Իսկ (Ա․Կոր․14։2) համարի իրատեսական մեկնաբանությունը , ՏԻՐՈՋ Շնորհքով կներկայացվի առաջիկա քննարկումներից մեկի ընթացքում։
Սուրբ Ավետարանը հաստատում է, որ բոլոր հոգևոր շնորհները՝ պարգևները քրիստոնյաներին տրված են օգուտի համար․ (Ա.Կոր․12:7)՝ ԱՍՏԾՈ Փառքի համար․(Գործ․2։11) և Եկեղեցու շինության համար. (Ա․Կոր․14։5):
«Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։» (Ա․Կոր․12։7)։
Ու՞մ օգուտի համար․ տվյալ անձի՞, թե՞ ողջ եկեղեցու շինության համար։ Իհարկե ոչ անհատի, այլ՝ ամբողջ եկեղեցու շինության համար․
«․․․Որովհետեւ աւելի մեծ է մարգարէացողը, քան թէ լեզուներով խօսողը, միայն եթէ թարգմանէ, որ եկեղեցին շինութիւն առնէ։» (Ա․Կոր․12։5)։
Ահավասիք նույն միտքը հաստատող այլ համարներ ևս․
«Սուրբերի կատարելութեանը համար, պաշտօնի գործի համար, Քրիստոսի Մարմնի շինութեան համար. մինչեւ որ ամենքս հասնենք հաւատքի եւ Աստուծոյ Որդին ճանաչելու միութեանը։ Եւ կատարեալ մարդ լինենք Քրիստոսի կատարեալ հասակի չափովը.» (Եփես․4։12-13):
Նաև՝ (Ա․Կոր․14։3-4, 12, 17-18, 26) և այլք։
7) Բոլոր հոգևոր շնորհները Եկեղեցու պաշտոնյաների մեջ և նրանց միջոցով գործադրողը ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ Է․
«Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած նոյնն է, որ ամենը ամենքի մէջ ներգործում է։» (Ա․Կոր․12։6, 11ա)։
ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ՀՈԳԵՎՈՐ ԻՆՉՊԻՍԻ՞ ՇՆՈՐՀՆԵՐ, ԿԱՄ ՊԱՐԳևՆԵՐ ՏՎԵՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ․
«․․․Որովհետեւ մէկին Հոգուցը տրուած է Իմաստութեան Խօսք։ Եւ ուրիշին՝ Գիտութեան Խօսք՝ նոյն Հոգուց։ Միւսին՝ հաւատք նոյն Հոգուց, ուրիշին՝ բժշկութեան պարգեւներ նոյն Հոգուց։ Ուրիշին՝հրաշագործության զօրութիւններ. եւ ուրիշին՝ մարգարէութիւն, ուրիշին՝ հոգիների զանազանութիւն. ուրիշին՝ զանազան լեզուներ. ուրիշին՝ լեզուների թարգմանութիւններ։» (Ա․Կոր․12։8-10)։
Այս հատվածում տեսնում ենք առնվազն իննը հոգևոր պարգևներ, և «Զանազան լեզուներով խոսելու» պարգևն առաջնային դիրքում չէ, այլ նախավերջին տեղում։
Այս պարգևն անվանված է․«Զանազան լեզուներով խոսելու» պարգև։
Այսինքն՝ կարդացողը հասկանում է, որ այս պարգև ունեցողը, բացի իր մայրենի լեզվից, ՏԻՐՈՋ Շնորհքով կարողանում է խոսել (այլ ոչ աղոթել), նաև իրեն անծանոթ, սակայն միանգամայն հասկանալի և թարգմանելի այլ ազգերի մարդկային լեզուներով։ (Գործ․2։6-12)։
Խոսենք սուրբգրային փաստերով։ Ահավասիք մեր առջև է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ տված պարգևների և շնորհների ցանկը, որի մեջ, որևէ տեղ չենք հանդիպում «անհասկանալի, անթարգմանելի և անիրական լեզվով աղոթելու» պարգևի։
Այդպիսի պարգև ուղղակի գոյություն չունի և ոչ էլ դա ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ է։
Այլ դա ուրիշ հոգու պարգև է։
Եվ եթե ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ տված պարգևների ու շնորհների ցանկի մեջ չկա «անհասկանալի, անթարգմանելի և անիրական լեզվով աղոթելու» պարգև, ապա այսօր այդ «պարգևով օժտված» բոլոր «աղոթողները» որտեղի՞ց են վերցրել դա և ինչպե՞ս են հանդգնում դա վերագրել ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ․․․
Դա մեծագույն մեղք է։ Ցավոք սրտի այդ մեղքը գործողները, դրա վտանգավորությունն ու վնասներն ամենայն խորությամբ, կամ էլ ընդհանրապես չեն գիտակցում։
8) Բոլոր հոգևոր պարգևներ բաժանողը ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ Է։ Որևէ մեկը չի կարող իր ցանկությունով, որևէ շնորհ, կամ պարգև խնդրել և ստանալ ԱՍՏԾՈՒՑ։
Հոգևոր պարգևները և շնորհները ոչ աղոթելով կարելի է ստանալ, ոչ էլ աղերսելով և հարատև խնդրելով։
Այլ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ յուրաքանչյուրին հոգևոր շնորհ՝ պարգև է տալիս, ինչպես որ ԻՆՔՆ է կամենում․
«․․․ամեն մէկին բաժանելով՝ ինչպէս կամենում է։» (Ա․Կոր․12։11բ): Նաև (Եբր․2։4)։
Հետևաբար, բոլոր այն քարոզիչներն, ովքեր քարոզում և հորդորում են իրենց հետևորդներին, որ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ հարատևորեն և առանց ձանձրանալու «օտար լեզվով աղոթելու» պարգև խնդրեն, իրենք լինելով մոլորված ՝ մոլորեցնում են նաև իրենց հետևորդներին։
9) Ուրիշ է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Պտուղը (Գաղ․5։22-23), և բոլորովին ուրիշ են ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ շնորհներն ու պարգևները․(Ա․Կոր․12։6-10)։
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Պտուղը ունեն բացառապես բոլոր քրիստոնյաները, քանզի հենց իրենց պտուղներից է հայտնի դառնում նրանց քրիստոնյա լինել, չլինելը։
Հոգևոր շնորհները՝ պարգևները ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ շնորհում է բացառապես Վերստին ծնված քրիստոնյաներին։
Վերստին չ՛ծնված հավատցյալները չեն կարող ունենալ հոգևոր շնորհներ՝ պարգևներ, քանզի նրանք չունեն ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ և ՆՐԱ Պտուղը (Գաղ․5։22-23), որից էլ հնարավոր լինի հասկանալ, որ իրենք Վերստին ծնված քրիստոնյաներ են։
Եվ Վերստին չ՛ծնված հավատացյալները, երբ փորձում են ցուցադրել հոգևոր շնորհներ․ (անահսկանալի, անթարգմանելի, անիրական լեզվով աղոթել, տեսիլքներ տեսնել, մարգարեանալ, բժշկություններ անել և այլն) և տեսնողներին համոզել, որ իբր դրանք ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ շնորհներն են, ապա այդպիսիները ուղղակի ստում և կեղծավորություն են անում։
Դուք դատեք․ եթե մեկը ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ չունի, ինչպե՞ս կարող է ՆՐԱ պարգևներն ունենալ և գործածել։
Չմոռանանք, որ ԱՍՏՎԱԾ Սատանային օժտել է սահմանափակ և ժամանակավոր իշխանությամբ և արտոնել է մոլորեցնել անհավատներին և անհազանդներին՝ օժտելով նրանց զանազան «ոգևոր պարգևներով»․
«…որի գալը Սատանայի ներգործութիւնիցն է, ամեն զօրութիւնով եւ նշաններով եւ սուտ հրաշքներով, և անիրաւութեան ամեն խաբեբայութիւններով՝ կորուսեալների մէջ: Նորա համար, որ նրանք չ’ընդունեցին Ճշմարտութեան Սէրը, որ ապրեն: Դորա համար էլ Աստուած մոլորութեան ներգործութիւն կ’ուղարկէ նորանց, այնպես, որ նրանք հաւատան Ստութեան, որ դատապարտուին ամենը, ովքեր չ’հաւատացին Ճշմարտութեանը, բայց սիրեցին Անօրէնութեանը։» (Բ․Թես․2։9-11)։
Ամեն հրաշք և ամեն զորություն չէ, որ ԱՍՏԾՈՒՑ Է և Բարի է։
Հիշենք Մովսեսին, հիշենք նաև փարավոնի մոգերին, ովքեր նույնպես կարողանում էին որոշ հրաշքներ գործել և մոլորեցնել իրենց հետևորդներին։
Սիրելի բարեկամնե՛ր, ՏԻՐՈՋ Շնորհքով սերտեցինք ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ կողմից ԻՐ Եկեղեցու պաշտոնյաներին տրված պարգևների ցանկը, դրանց նշանակությունը և իմաստը։ Սակայն, որքան էլ փնտրեցինք, այդ ցանկում չհայտնաբերեցինք «անահասկանալի, անթարգմանելի, անիրական լեզվով աղոթելու» պարգև։
Եվ եթե չկա, ապա այսօրվա քարոզիչներն ինչպե՞ս և ումի՞ց են խնդրում այդ պարգևն իրենց հետևորդների համար և ինչպե՞ս են գործածում չունեցած բանը։ Դա ուղղակի աբսուրդ է։
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ տկար ծառան՝ Ս․Շ․
(հաջորդ հոդվածը տես հետևյալ հղումով.)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …