Վերստին ծնված քրիստոնյան ճանաչում է ԱՍՏԾՈՒՆ։ Նա վստահ է, որ երկրի վրա և երկնքում կատարվող բոլոր իրադարձությունները․ բարի, կամ չար, կատարվում են ԱՍՏԾՈ գիտությամբ և թույլտվությամբ։ Առանց ԱՍՏԾՈ կամքի տերևն անգամ չի ընկնում ծառից, քամին իր ուղղությունը չի փոխում, և ոչ ոք չի ծնվում կամ մեռնում առանց Նրա կամքի։
Երբ մենք խաղաղ քնած ենք մեր տներում, երկրի վրա ամեն օր տեղի են ունենում աննախադեպ և ահավոր տարրերային աղետներ, ողբերգություններ, պատերազմներ, սպանություններ, համաճարակներ, տարաժամ մահեր և այլ ու այլ դժբախտություններ։
Սակայն մենք, հաճախ անտեղյակ լինելով այս ամենին ապրում ենք մեր խնդիրներով ու հոգսերով, մեր առօրյա զբաղմունքով ու զվարճանքով։ Իսկ տեղեկանալիս էլ սառնասրտորեն ու անտարբերությամբ ենք ընդունում այդ լուրերը, մտածելով, որ երևի շատ մեղավորներ են, դրա համար էլ ԱՍՏՎԱԾ նրանց այդպիսի պատիժներով է պատժում։
Մեկը կարող է ասել. բայց մենք ի՞նչ կապ ունենք աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող այս էքստրեմալ և ֆորս մաժորային իրավիճակների հետ։
Եվ ի՞նչ պիտի անենք, որ չենք անում։
Սիրելիներ, ոչ մի բան պատահական չի լինում կյանքում։ Եթե ՏԵՐՆ ամեն օր պահում պահպանում և ողորմում է մեզ, մեր ընտանիքներին, մեր սիրելիներին ու հարազատներին, դա պատահական չի։ Այլ դա Իր կամքն է, Իր գութը, ողորմությունն ու Սերն է մեր հանդեպ։ Եվ այդ ամենի համար, մենք պետք է երախտապարտ լինենք ՏԻՐՈՋԸ և գոհանանք ու Փառք տանք Իրեն ամեն ժամանակ։
ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ այսպես է ասում Իրեն հավատացողներին.
Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացէք Աստծուց եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը։ (Եփես․5։20)
Ուրեմն, լույսը բացվելուն պես, երբ արթնանում ենք, պիտի հավատով, ջերմեռանդ աղոթենք և փառք տանք ԱՍՏԾՈՒՆ, որ մինչ մենք քնած էինք հանգիստ ու անխռով, Նա ողջ գիշեր Իր հսկողության ներքո պահեց ու պահպանեց մեր անձերը, մեր ընտանիքներն ու գերդաստանները, երևելի ու աներևույթ փորձանքներից ու չարից, և ողջ ու առողջ ամենքիս հասցրեց առավոտյան ժամին և արժանի արեց տեսնելու Իր ողորմության երևելի լույսը։
Եվ երբ միացնում ես հեռուստացույցը, կամ միանում ես համացանցին, ապա տեսնում ես, թե մեկ գիշերվա մեջ, կամ մեկ օրում երկրի վրա և երկնքում ի՜նչ սարսափելի ու դաժան իրադարձություններ են կատարվել։ Եվ այդ ամենը քեզանից հեռու պահողը ՏԵՐՆ Է։ ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ։
Դրա համար պետք է անդադար փառք տանք ԱՍՏԾՈՒՆ, որ Նա մեզ և մեր մերձավորներին խնայում և ողորմում է ամեն օր։
Սիրելիներ, դրանց փոխարեն ՏԵՐԸ մեզանից չի ուզում նյութական, կամ ֆինանսական նվերներ։ Այլ Նրա ուզածն այն է, որ մենք գիտակցենք ու հասկանանք, որ այդ ամենը պատահականություն չի, երբ մեզանից հեռու են մնում այդ բոլոր ողբերգությունները, փորձանքներն ու աղետները։ Եվ եթե մենք գիտակցում ու հասկանում ենք, որ Նա է ամեն ժամանակ պահում պահպանում մեզ և մեր սիրելիներին, ապա դա երախտագիտություն է։
Իսկ երախտագիտությանը հետևում է երախտապարտությունը։ Այսինքն մեր համար գործած ԱՍՏԾՈ բազում բարիքների և պաշտպանության համար, մենք երախտապարտ պիտի լինենք Նրան։
ՀԱՐՑ — Իսկ ԱՍՏՎԱԾ ի՞նչ է ուզում, որ անենք Իր համար։
Արդեն վերն ասացինք, որ ՏԵՐԸ մեզանից չի ակնկալում նյութական, կամ ֆինանսական ընծաներ։ Այլ Նրա ուզածն այս է․
Պատարագի՛ր Աստուծուն գոհութիւն, եւ հատուցի՛ր Բարձրելոյն քո ուխտերը։ (Սաղ․50։14)
Այսինքն ԱՍՏՎԱԾ մեզանից գոհության, երախտագիտության և շնորհակալության հոգևոր պատարագներ է ակնկալում, մեր մաքրված ու սրբված սրտերի սուրբ պաշտամունքն ու երկրպագությունը, մեր հանդեպ գործած Իր բոլոր բարիքների և օրհնությունների համար։
Նաև հիշեցնում է, որ մենք անվերապահորեն կատարենք, մեր այն բոլոր ուխտերի պայմանները, որոնք ուխտել ենք կատարել Իր առջև։
Եվ եթե այդ ամենը մշտապես կատարում ենք երախտագիտության վեհ զգացումով և ուրախ սրտով, ապա ՏԵՐԸ , որպես պարգև խոստացել է ազատել մեզ, բոլոր մեզ պատուհասած նեղություններից ու փորձություններից։
Նաև արտոնություն է տվել, նեղության ժամին Իրեն դիմելու.
Եւ կանչի՛ր Ինձ նեղութեան օրումը։ Եւ Ես կ’ազատե՛մ քեզ, եւ դու կ’փառաբանե՛ս Ինձ։ (Սաղ․50։15)
Կրկին հիշենք մեզ երախտապարտության մղող այս Խոսքը.
Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացէք Աստծուց եւ Հօրիցը՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը։ (Եփես․5։20)
Վերստին ծնված քրիստոնյան, ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհանում է ԱՍՏԾՈՒՑ և ամեն օր փառք է տալիս Նրան․ խաղաղ և անփորձանք գիշերվա համար, մաքուր օդի, լույսի, ջերմության ու զովության համար, իր և մերձավորների հանգստության, խաղաղության, պաշտպանված ու ապահով կյանքի համար։ Գոհանում և փառք է տալիս իր կյանքի փրկության համար, Եկեղեցու համար, ՏԻՐՈՋ մշակների ու սուրբերի համար, ԱՍՏԾՈ Կենդանի ԽՈՍՔԻ համար, ՏԻՐՈՋ տված իմաստության ու Շնորհքի համար։
Գոհանում է փառք է տալիս նաև․ իր և մերձավորների հոգու և մարմնի առողջության համար, կերակուրների և ըմպելիքների, հագուստների և բնակարանի համար, աշխատանքի և նյութական վաստակի համար, ԱՍՏԾՈ հոգատարության և խնամքի համար։
Փառաբանում է ՏԻՐՈՋԸ՝ իր աղոթքներին պատասխանելու համար, իր և զանազան անձանց բժշկությունների և ողորմությունների համար, իր շուրջն ու իր կյանքում կատարվող ամեն բարի բանի և նույնիսկ իր նեղությունների, հիվանդությունների ու տարատեսակ փորձությունների համար։
ԱՍՏՎԱԾ հավատարիմ է և Իր երախտագետ ու երախտապարտ զավակներին պահում պահպանում է ամենայն փորձություններից ու Չարից։
Հիշենք (Սաղ․91։1-16) – ն ամբողջությամբ։
Հազար հոգի քո կողմիցը կ’ընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. Բայց քեզ չի մօտենալ։ Միայն քո աչքերովը կ’նայիս, եւ ամբարիշտների հատուցումը կ’տեսնես։ Որովհետեւ Դու ես, Տէր, իմ յոյսը։ Դու Բարձրեալին քեզ ապաւէն արիր։ Քեզ չար բան չի հասնիլ։ Եւ նեղութիւն չի մօտենալ քո բնակարանին։ Որովհետեւ Իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը։ նորանք ձեռների վերայ կ’առնեն քեզ, որ քո ոտը քարի չ’դպցնես։ (Սաղ․91։7-12)։
Քրիստոնյան ամեն օր աղոթում է. ամեն բանի և աշխարհի բոլոր մարդկանց համար, նաև բոլոր թագավորների և իշխանավորների համար․
Արդ աղաչում եմ, ամեն բանից առաջ աղօթք անել, խնդրուածք, աղաչանք, գոհութիւն մատուցել ամեն մարդկանց համար․ թագաւորների եւ ամեն իշխանաւորների համար, որ խաղաղ եւ հանդարտ կեանք վարենք, բոլոր աստուածպաշտութիւնով եւ սրբութիւնով։ Որովհետեւ սա բարի եւ ընդունելի է մեր Փրկիչ Աստուծոյ առաջին, Ով կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուին, եւ Ճշմարտութեան ճանաչմանը հասնին։ (Ա․Տիմ․2։1-4)։
Իսկ Վերստին չծնված մարդը դժգոհ և ապերախտ է լինում։ Եվ երբ նրան ասում ես․ «Փառք ԱՍՏԾՈՒՆ այսինչ բանի համար», թերահվատորեն ու հեգնանքով քեզ է նայում և զարմանում, իբր «դա ի՞նչ է, որ դրա համար փառք ես տալիս ԱՍՏԾՈՒՆ։ Դա բնականոն բան է և հենց այդպես էլ պիտի լիներ։ Ինչի, ԱՍՏՎԱ՞Ծ է այդ բանն անում»։
Եվ զարմանալի չի, որ Վերստին չծնվածն այդպիսի մտածելակերպ և այդպիսի դիրքորոշում ունի Ամենակալ ԱՍՏԾՈ նկատմամբ, քանի որ նա բնավ չի ճանաչում ԱՍՏԾՈՒՆ։
Եվ զարմանալի չի, որ Վերստին չծնվածն այդպիսի մտածելակերպ և այդպիսի դիրքորոշում ունի Ամենակալ ԱՍՏԾՈ նկատմամբ, քանի որ նա բնավ չի ճանաչում ԱՍՏԾՈՒՆ։
ՀԱՐՑ — Արդյո՞ք նրանք ամենա մեղավորներն ու ամենա ամբարիշտներն էին, որ ԱՍՏՎԱԾ թույլ տվեց նրանց կործանումը
Մի անգամ աշակերտները ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻՆ տեղեկացրեցին երկու արտառոց դեպքերի և մարդկանց ողբերգական մահվան մասին։ Առաջինը, երբ Պիղատոսը մի քանի գալիլեացիների խառնեց իր զոհերին և նրանց էլ զոհաբերեց իր աստծուն։ Եվ երկրորդը, երբ Սիլովամի աշտարակը փլվեց և 18 հոգիներ զոհվեցին այդ աղետից։
Երկու դեպքերում էլ ՏԵՐ ՀԻՍՈՒՍՆ այսպես պատասխանեց․
Կարծում եք զոհվածներն ամենամեղավորնե՞րն էին իրենց հայրենակիցների միջից։ Եթե չապաշխարեք, ամենքդ էլ այդպես պիտի կործանվեք։» (Ղուկ․13։1-5)
Եվ ցայսօր էլ այդպես է. որոշ ամբարիշտներ մեռնում են տարաժամ և ողբերգական մահերով, որոշներն էլ ուշ են մեռնելու և այլ մահով։
Սակայն դա չի նշանակում, որ ուշ մեռնողները մահից հետո Դժոխք չեն գնալու։
Եվ մինչև մեղավոր անձը Վերստին չծնվի, չի կարող փրկվել և Երկնքի Արքայություն մտնել՝ անկախ երկրային կյանքում ապրած տարիների քանակից, կամ մահվան կերպից։ (Հովհ.3:5)։
ԱՍՏԾՈ բոլոր գործերն ու պատիժներն արդար ու Ճշմարիտ են։ Նա ոչ մի անարդար բան չի անում։
Սիրելի բարեկամներ, սակայն կյանքում հանդիպող փորձություններից և վնասներից մարդս կարող հնարավորինս ի զերծ մնալ, եթե․ լսի իր փրկության Ավետարանը՝ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ, հավատա լսածներին և ՔՐԻՍՏՈՍԻՆ որպես իր կյանքի ՓՐԿԻՉ և ՏԵՐ դավանի ու փրկվի։
Սիրելի անապաշխար և մոլորված թանկագին հոգի՛, որ մինչ օրս կենդանի ես ու անվնաս, իմացի՛ր, որ դա քո շնորհքը չի, ոչ էլ քո խորագիտություից ու իմաստությունից է, ոչ էլ դու բախտավոր աստղի տակ ես ծնվել։ Այլ իմացի՛ր, որ դա ԱՍՏԾՈ Սերն է, Նրա երկայնմտությունն ու ողորմությունն է քո նկատմամբ և քո համար աղոթողների արդյունքը։
Բայց այդպես չի կարող մշտապես շարունակվել։
ԱՍՏՎԱԾ ատում է մեղքը, սակայն ողորմում և սիրում է մեղավորին և չի ուզում նրա կորչելը։ Այլ ուզում է, որ ամենքը լսեն ԻՐ ԽՈՍՔԸ, հասկանան, հավատան ու փրկվեն, քանի դեռ բաց են Փրկության Դարպասները․
Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում, որ կորչողներ լինեն, բայց որ ամենքն ապաշխարութեան հասնեն։ (Բ․Պետ․2։9)։
Իսկ Նրա համբերությունը, երկայնմտությունն ու քաղցրությունը պետք չի չարաշահել, քանի որ դրանք էլ մի օր վերջանում են, և վրա են հասնում ԱՍՏԾՈ արդար հատուցումներն ու ծանր պատիժները։
Կամ թէ Նորա քաղցրութեան առատութիւնը եւ համբերութիւնը եւ երկայնմտութիւնը արհամարհո՞ւմ ես. չ’գիտենալով, որ Աստուծոյ քաղցրութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։ (Հռով․2։4)։
Սիրելի բարեկա՛մ, եթե չես հավատում ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ իսկությանը, ապա նայի՛ր ստորև ներկայացված տեսանյութը և տե՛ս անցած շաբաթ աշխարհում կատարված կատակլիզմներն ու ԱՍՏԾՈ ահավոր պատիժները ամբարիշտների, անհավատների և անհնազանդների նկատմամբ։
Ուրեմն հետևություններ արա ու հավատա, որ օր առաջ փրկվես։ Իմացի՛ր, որ ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ հեքիաթ չի, այլ բացարձակ Ճշմարտություն։ Եվ Նրա մարգարեությունները կատավում են ամեն օր ու ամեն ժամ։
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, Իր ծառան՝ Ս․ Շ․
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …