Սիրելի բարեկամնե՛ր, ՏԻՐՈՋ Շնորհքով և Իր արտոնությամբ, այսօր խոսելու ենք շա՜տ չարչրկված ու քննարկված մի վիճահարույց թեմայի մասին, որը մինչ օրս էլ չի ստացել իր միասնական հաստատումը բոլոր եկեղեցիների կողմից։
Դա «ԱՍՏԾՈ կանխագիտության և Նրա նախասահմանության» թեման է։
Գիտենք, որ մեղավորը փրկվում է իր հավատով՝ և ոչ թե գործերով, կամ այլ կերպով․ (Հռով․10։9), (Հովհ․5։24); (Եփես․1։13-14)։
Աստվածաշունչ Մատյանը մեզ տեղեկացնում է, որ հոգևոր իմաստով աշխարհի բնակչությունը բաժանված է երկու խմբերի․ փրկվողներ և կորսվողներ․
- Փրկվողներ — ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՆ հավատացողներ՝ ՔՐԻՍՏՈՍԻՆ Փրկիչ և Տեր դավանողներ․
- Կորսվողներ — ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՆ չ՛հավատացողներ՝ ՔՐԻՍՏՈՍԻՆ Փրկիչ և Տեր չ՛դավանողներ։
Երրորդ խումբ գոյություն չունի։
ՀԱՐՑ – Իսկ ու՞մ ընտրությամբ է իրականանում մեղավոր անձի փրկությունը․ ի՞ր, թե՞ ԱՍՏԾՈ։
ՊԱՏԱՍԽԱՆ – Մեղավոր անձի փրկությունն իրականանում է իր կատարած ընտրության հիման վրա՝ ԱՍՏԾՈ Ձեռքով։
Գիտենք, որ ԱՍՏՎԱԾ ինքնիշխան է և ամեն բան Իր կամքով է երկրի վրա և երկնքում, քանի որ Ինքն է ստեղծել ամենքիս ու ամեն բան։ Եվ առանց Նրա կամքի, ոչինչ չի լինում ստեղծագործության մեջ․ թե՛ չար և թե՛ բարի։
ԱՍՏՎԱԾ Իր ստեղծած մարդկությանը տվել է․ առողջ բանականություն, իմաստություն, բայց նաև ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ԿԱՄՔ՝ ընդունելու, կամ մերժելու իրեն առաջարկված ձրի փրկության հնարավորությունը։ Այլապես մարդը կհամարվեր կամազուրկ և կառավարման վահանակով ղեկավարվող էակ։
Սակայն ՏԵՐԸ մարդկությանը չի ստեղծել, որպես ռոբոտներ, այլ բանական և իմաստուն արարածներ, որ նրանք գիտակցաբար մերժելով Չարը՝ ընտրեն Բարին, և դառնան ԱՍՏԾՈ սիրելի զավակները ու Նրա Արքայության սուրբ ժառանգորդները։ Եվ երախտագիտությունից մղված, հոգով ու ճշմարտությունով, մշտապես պաշտեն, փառաբանեն ու երկրպագեն իրենց Արարիչ և Բարերար Սուրբ ԱՍՏԾՈՒՆ։
Այդ ամենը ՏԵՐԸ մարդուն տվել է Եդեմի պարտեզում, նրան ստեղծելուց հետո․
Եւ Տեր Աստուածը պատուիրեց մարդին ասելով․ «Պարտէզի ամէն ծառիցը համարձակ կեր։ Բայց Բարիի եւ Չարի Գիտութեան Ծառիցը չ’ուտե՛ս, որովհետեւ նորանից կերածդ օրը մահով կ’մեռնիս։ (Ծնն․2 ։16-17)։
Սիրելի բարեկամներ, մարդուն ընձեռնված ազատ կամքի և ընտրության հնարավորությունը կարմիր թելի նման անցնում է ողջ Աստվածաշնչով՝ «Ծննդոցից» մինչև «Հայտնություն»։
Սակայն ԱՍՏՎԱԾ անարդար կհամարվեր (քավ լիցի), եթե մարդուն ստեղծելուց, նրան բանականությամբ և իմաստությամբ օժտելուց հետո, չտար նաև՝ Բարու և Չարի միջև ընտրություն կատարելու ազատ կամք։
Ահավասիք այդ տեսակետը հաստատող համարներ․
Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ Իր Միածին Որդին տուաւ, որ ամեն Նորան ՀԱՎԱՏԱՑՈՂԸ չ’կորչի, այլ Յաւիտենական Կեանքն ունենայ։ (Հովհ․3։16)։
Ընթերցենք նաև նույնաբովանդակ հետևյալ համարները․ (Երկ․Օր․28։1-2, 15); (Երկ․30։19); (Հես․24։15); (Հովհ․3։18); (Հովհ․3։36); (Մարկ․16։16); (Հռով․10։9-13); (Ա․Հովհ․5։10-12); (Հայտ․2։7,11,17, 29) և բազում այլ համարներ, և սրանք դեռ բոլորը չեն։
Վերը նշված բոլոր համարներն էլ հաստատում են այն տեսակետը, որ ԱՍՏՎԱԾ մարդուն տվել է․ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒ ԵՎ ՉԱՐԻ ՄԻՋԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱԶԱՏ ԿԱՄՔ։
Մարդասեր ԱՍՏՎԱԾԸ մեղավոր մարդու փրկության համար ամեն բան նախապատրաստել է ի սկզբանէ․ (Ա․Պետ․1։20)։
Նա բոլոր մեղավորներին առաջարկում է ձրի փրկության հնարավորություն, բայց չի բռնանում, որևէ մեկի կամքի վրա և Իր կամքը չի պարտադրում ոչ մեկին։ Ոչ էլ նախասահմանել է, թե ովքե՞ր պետք է փրկվեն և ովքե՞ր կորսվեն։
Այլ մարդն իր ազատ կամքով կարող է․ ԸՆԴՈՒՆԵԼ կամ ՄԵՐԺԵԼ, ԱՍՏԾՈ կողմից իրեն առաջարկվող ձրի փրկության հնարավորությունները։
Սիրելինե՛ր, ԱՍՏՎԱԾ չի որոշում, թե․ Իր ստեղծածներից ո՞վ պետք է փրկվի և ով՝ կորսվի։ Սակայն Նա ԿԱՆԽԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ունի, և նախքան նրանց ստեղծվելը, (դեռևս աշխարհի արարումից առաջ), անսխալ կերպով ճանաչում է․ Իր առաջարկած ձրի փրկությունն ընդունողներին և մերժողներին (Բ․Տիմ․2։19)։
ԱՍՏՎԱԾ այսպես ասեց Երեմիային․
Քեզ որովայնում չ’ստեղծած՝ Ես քեզ գիտէի, եւ արգանդից դու դեռ դուրս չ’եկած՝ Ես քեզ սրբեցի, Ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել։ (Երեմ․1։5)։
Իսկ Պողոս Առաքյալն այսպես է գրում հռոմեացիներին․
Վասնզի գիտենք, որ Աստուծուն սիրողների՝ Նրա կամքի հաճության պես կանչվածների բոլոր բաները բարու գործակից են լինում։ Որովհետեւ որոնց, որ ՍԿԶԲԻՑ ՃԱՆԱՉԵՑ, նրանց էլ նախասահմանեց ԿԵՐՊԱՐԱՆԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ԻՐ ՈՐԴՈՒ ՊԱՏԿԵՐԻՆ, որ Նա առաջնեկը լինի շատ եղբայրների մէջ։
Եւ որոնց, որ Նա ՍԿԶԲԻՑ ՆԱԽԱՍԱՀՄԱՆԵՑ՝ նորանց էլ կանչեց։ Եւ որոնց կանչեց՝ նորանց էլ արդարացրեց։ Եւ որոնց արդարացրեց՝ նորանց էլ փառաւոր արաւ։ (Հռով.8:28-30)։
Սիրելի բարեկամնե՛ր, վերը նշված համարի մեջ շա՜տ կարևոր երկու բառեր կան, որոնք բանալի բառեր են՝ մի ողջ վարդապետության, որը շա՜տ վիճահարույց է և շատ բանակռիվների, հակառակությունների, բաժանումների ու թշնամանքի պատճառ է դարձել աստվածաբանների և եկեղեցիների անդամների մեջ։
Այդ երկու բառերը սրանք են․ «ՍԿԶԲԻՑ ՃԱՆԱՉԵՑ»։
Եվ ովքեր անտեսում են այս բառերը և առանց սրանց են մեկնաբանում փրկությանը վերաբերվող համարները, ցավոք սրտի, անխուսափլիորեն շեղվում են Ճշմարտությունից և ընթանում են սխալ ճանապարհով։
ԱՍՏՎԱԾ կանխագիտություն ունի և անսխալ կերպով գիտի, թե․ ովքե՞ր, ե՞րբ են աշխարհ գալու, նրանցից ովքե՞ր են փրկվելու և ե՞րբ և ինչպիսի պայմաններում են փրկվելու։
Գիտի նաև, թե ովքե՞ր են, որ մինչև իրենց կյանքի վերջին պահն էլ չեն հավատալու ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՆ, չեն ընդունելու Նրա ընձեռնված ձրի փրկության հնարավորությունը և մահից հետո կորսվելու են Դժոխքի հավիտենական կրակների մեջ։
Բոլոր ժամանակների փրկվողներին ու կորսվողներին միմիայն ՏԵՐՆ է ճանաչում, ի սկզբանէ՝ աշխարի արարումից առաջ․ (Եփես․1։4-6)։
Սիրելի բարեկամնե՛ր, ԱՍՏՎԱԾ ընդունում և հաստատում է յուրաքանչյուր մեղավորի անձնական որոշումը և հատուցում է ըստ նրա ընտրության։ Ովքեր հավատացել ու փրկվել են, մահից հետո, անմիջապես տեղափոխվում են Դրախտ։ Իսկ ովքեր շարունակաբար մերժել են փրկության հնարավորությունը, նրանք էլ տարվում են Դժոխք։
Այսինքն․ յուրաքանչյուրը ստանում է ըստ իր ազատ կամքով կատարած ընտրության։
Սիրելինե՛ր, ցավոք սրտի ոչ բոլորն են ընդունում սուրբգրային այս վարդապետությունը և ոմանք հակառակն են պնդում։ Հակառակողները պնդում են, որ․ մեղավոր մարդը չունի իրեն առաջարկված փրկությունը ընդունելու, կամ մերժելու ազատ կամք, քանի որ Ամենակալ և Ինքնիշխան ԱՍՏՎԱԾԸ նրա փոխարեն ամեն բան որոշել է նախապես՝ նախքան աշխարհի արարումը։
Միանգամից ասենք, որ․ չկա և չի կարող լինել այսպիսի բան։ Սա մոլորություն է։ Ուղղակի կան այս թեմային առնչվող որոշ դժվարիմաց համարներ, որոնք սխալ մեկնաբանելու դեպքում, կարող են շեղել, հեռացնել Ճշմարտության Ճանապարհից։
Եթե հավատանք այս տեսակետին, ապա ստացվում է, որ աշխարհում գործածվող «ճակատագիր» ասվածը իրական է։ Նրանց ասելով, իբր ԱՍՏՎԱԾ, ոմանց ճակատներին «գրել է Դրախտ», իսկ մնացածների ճակատներին՝ «Դժոխք»։
Ըստ այսպիսի տեսակետի․ եթե մեկի ճակատին «գրված է Դրախտ», ապա նա ինչպիսի մեղքեր էլ գործի, որքան էլ ԱՍՏԾՈՒՆ չհավատա, որքան էլ մերժի ու հակառակվի ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՆ, միևնույն է, թեկուզ կյանքի վերջին պահին՝ կփրկվի։ Եվ որպես ապացույց իրենց ասածների օրինակ են բերում ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ հետ խաչված ավազակներից նրան, ով ՔՐԻՍՏՈՍԻՆ իր կյանքի ՏԵՐ դավանեց և հավատաց, որ Նա հարություն է առնելու մեռելներից, և կյանքի վերջին պահին փրկվեց․ (Ղուկ․23։39-43)։
Իսկ ում ճակատին ՏԵՐԸ «Դժոխք է գրել», ապա տվյալ անձը որքան էլ հավատա ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻՆ, որքան էլ ջանք ու ճիգ թափի, որքան էլ բարի գործեր անի, որքան էլ մեղա գա ՏԻՐՈՋ առաջ և իր մեղքերը խոստովանի, միևնույն է չի փրկվելու Դժոխքի հավիտենական դատապարտությունից, քանի որ ԱՍՏՎԱԾ նրան արդեն նախասահմանել է Դժոխքի համար։
Կարելի է ասել, որ այսպիսի տեսակետ քարոզողների և պնդողների աստվածը Սեր չի, այլ անարդար ու դաժան դիկտատոր։ Սրանք ոչ ԱՍՏԾՈՒՆ են ճանաչում, ոչ էլ Նրա ԽՈՍՔԸ գիտեն։ Եվ շա՜տ հնարավոր է, որ դեռևս Վերստին ծնված էլ չեն։
Սիրելի բարեկամնե՛ր, ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ասում է, որ ԱՍՏԾՈ մոտ գոյություն ունի մի Գիրք, որ կոչված է․ «Կյանքի Գիրք»։ Այդ Գրքում ԱՍՏՎԱԾ Իր ԿԱՆԽԱԳԻՏՈՒԹՅԱՆ համեմատ, նախքան աշխարի արարումը գրանցել է, բոլոր ժամանակներում աշխարհ եկող, բոլոր այն մարդկանց անունները, ովքեր իրենց երկրային կյանքում հավատալու են ԱՍՏԾՈՒՆ ու Նրա ԽՈՍՔԻՆ և փրկվելու են Դժոխքի հավիտենական դատապարտությունից։
Սրանք «Փրկվողներն» են․ (Եսայ․4։3); (Դան․12։21); (Ղուկ․10։20); (Փիլ․4։3); (Եբր․12։23); (Հայտ․21։27) և այլք։
Եվ դարձյալ, Իր ԿԱՆԽԱԳԻՏՈՒԹՅԱՆ համեմատ, ԱՍՏՎԱԾ այդ Գրքում չ՛ի գրանցել բոլոր ժամանակներում երկրի վրա ապրած, ապրող և դեռևս չծնված, բոլոր այն անձանց անունները, ովքեր իրենց երկրային ողջ կյանքի ընթացքում, որքան էլ որ երկար ապրեն, քանի անգամ էլ Տերը նրանց այցելի և առաջարկի Իր ձրի փրկության հնարավորությունը, միևնույն է չեն ընդունելու այդ փրկության առաջարկը, չեն հավատալու ԱՍՏԾՈՒՆ և ԻՐ ԽՈՍՔԻՆ, չեն փրկվելու, այլ մահից հետո տարվելու են․․․ Դժոխք։
Սրանք էլ «Կորսվողներն» են․ (Բ․Թես․2 ։7-11), (Ա․Կոր․1։18); (Բ․Կոր․4 ։3-4); (Հայտ․13։8); (Հայտ․17։8); (Հայտ․20 ։15) և այլք։
Նշենք, որ Կյանքի Գիրքը գրված և կնքված է աշխարհի արարման ժամանակ։ Եվ ԱՍՏՎԱԾ երբեք որևէ մեկի անունը չի ջնջելու այնտեղից, և երբևէ նոր անուն չի ավելացնելու նրա մեջ։
Սիրելի բարեկամներ, Արդարն ԱՍՏՎԱԾ այս երկու խմբերին էլ ընձեռնել է փրկության հավասար պայմաններ, որ Դատաստանի օրը կորսվողներից և ոչ մեկը չառարկի, որ իրեն չի ընձեռնվել փրկության հավասար պայմաններ, ինչպես ընձեռնվել է «Փրկվողներին»։
Բայց ինչպե՞ս են մտածում ճակատագրին հավատացողները․ արդյոք ԱՍՏՎԱԾ հաճու՞յք է ստանում անհավատներին Դժոխք ուղարկելով։ Տեսեք ինչ է գրում Եզեկիել մարգարեն այդ մասին.
«Մի՞թէ Ես, երբևէ կ’ուզեմ ամբարշտի մեռնելը», ասում է Տէր Աստվածը։ «Չէ՞ որ նորա, իր ճանապարհից դարձի գալն ու ապրելն եմ ուզում։» (Եզեկ․18։23)։
«Որովհետեւ Ես հաճութիւն չ’ունիմ մեռնողի մեռնելուն», ասում է Տէր Աստվածը, ուրեմն ետ դարձէք` որ ապրէք։» (Եզեկ․18։32)։
Սիրելինե՛ր, եթե ԱՍՏՎԱԾ ՍԵՐ Է․ (Ա․Հովհ․4 ։7-9) ապա, ինչպե՞ս կարող էր մարդասեր ԱՍՏՎԱԾ ստեղծեր մարդիկ, որոնք հատուկ նախատեսված են Դժոխք ուղարկվելու համար։ Ո՞րն է դրա իմաստը…
Ուղղակի ճակատագրին հավատացողները, կարիք ունեն Վերստին ծննդյան, նաև ԱՍՏԾՈՒՆ և Նրա ԽՈՍՔԸ ավելի լավ ճանաչելու։
ՔՐԻՍՏՈՍԻ Շնորհքով և սիրով, Իր ծառան՝ Ս․Շ․
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …