(նախորդը տես հետևյալ հղումով.)
Սիրելի բարեկամնե՛ր, ՏԻՐՈՋ Շնորհքով ու կամքով, հարատև աղոթքով և ԻՐ առաջնորդությունը հայցելով շարունակում ենք այս աշխարհի վախճանին վերաբերվող թեմայի ուսումնասիրությունները։
Նշենք, որ այս թեման, երևի ամենակարևոր և արդիական թեմաներից մեկն է, որ ամենայն խորությամբ հուզում է աշխարհի գիտակից ողջ մարդկությանը։
Նախորդ անգամ (Հայտ․12 գլխում) տեսանք ՔՐԻՍՏՈՍԻ Եկեղեցու Երկինք հափշտակվելը։
Սակայն Եկեղեցու Երկինք հափշտակվելուց հետո էլ մարդասեր ԱՍՏՎԱԾ, դեռևս չի փակելու Փրկության Դուռը։ Եվ բազմաթի՜վ փրկվողներ են լինելու՝ աշխարհի բոլոր ազգերից ու լեզուներից։
Բայց սրանց փրկությունը շա՜տ դժվար է լինելու, քանի որ Սատանան և իր զորքը Երկնքում խայտառակ պարտություն կրելուց․(Հայտ․12։7-9), նաև Կնոջը հետապնդելիս զորքի մի մասը կորցնելու հետո․(Հայտ․12։15-16), շատ կատաղած են լինելու և հարձակվելու են այդ օրերին երկրի վրա փրկվող հավատացյալների վրա և ձեռնամուխ են լինելու նրանց հետապնդելու, հալածելու և ամեն կերպ ոչնչացնելու կործանարար գործին․(Հայտ․12։17-18)։
(Բ․Թես․2։3-11) հատվածը մեզ տեղեկացնում է, որ նախքան Հակաքրիստոսի հայտնվելը, նախ Խափանողը՝ Եկեղեցին պետք է վեր առնվի երկրի վրայից։ Եկեղեցու հափշտակությունից հետո, երկրի վրա մեկնարկելու է Դանիելի մարգարեության 70 – րդ յոթնյակի ժամանակը․ (Դան․9։27), և հայտնվելու է Անօրենության Մարդը՝ Կորուստի Որդին, կամ նույն ինքը՝ Հակաքրիստոսը։
Շուտով, իրադարձությունների արենայում հայտնվելու է, նաև մի նոր պերսոնաժ՝ ծովից դուրս եկող Գազանը, որի մասին էլ, ՏԻՐՈՋ Շնորհքով և առաջնորդությամբ պատրաստվում ենք խոսել այս նյութի մեջ։
Սիրելի բարեկամնե՛ր, Հովհաննես Առաքյալը (Հայտ․13 գլխում) շարունակում է պատմել իր տեսիլքների մասին, ինչ որ ՏԵՐԸ ցույց տվեց իրեն․
«Եւ տեսայ ծովիցը դուրս եկող Գազանին՝ եօթը գլուխներով եւ տասը եղջիւրներով, նորա եղջիւրների վերայ տասը թագեր կային, իսկ նորա գլուխների վերայ՝ Աստվածանարգության անուններ։» (Հայտ․13։1)։
«Եւ տեսայ ծովիցը դուրս եկող․․․»։
«ծովը», կամ «ջրերը» ընդունված է համարել հեթանոսների, այլադավան ու այլակրոն ժողովուրդների բազմությունը․(Հայտ․17։1, 25)։
Նշանակում է այս Գազանը ծնունդ է առնելու այլադավան ու այլակրոն ժողովուրդների բազմությունից։
ՀԱՐՑ — Իսկ ո՞վ, կամ ի՞նչ է այս Գազանը։
Բացի այս տեղից, Գազանի մասին ուրիշ մարգարեություններ էլ կան։ Դիմենք նրանցից մեկի օգնությանը, որպեսզի ճիշտ հասկանանք, թե ի՞նչ են նշանակում նրա յոթ գլուխները, տաս եղջյուրները և տաս թագերը դրանց վրա․
«Այստեղ է իմաստութիւն ունեցող միտքը. այն եօթը գլուխը եօթն սարեր են, որոնց վերայ նստած է Կինը՝ եւ եօթը թագաւորներ, որոնցից հինգն ընկան, մէկը կայ, իսկ միւսը դեռ չէ եկել։ Եւ երբոր գայ՝ մի քիչ ժամանակ պէտք է մնայ։» (Հայտ․17։9-10)
«Այստեղ է իմաստութիւն ունեցող միտքը»․
Ինչպես գիտենք, Հայտնության Գրքի մարգարեություններում բազում խորհրդապատկերներ կան։ Դրանք անհասանելի և անհասկանալի են աշխարհիկ մարդու մտքին։ Բայց Վերստին ծնված քրիստոնյանները ՔՐԻՍՏՈՍԻ միտքն ունեն և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ առաջնորդությամբ կարող են հասկանալ դրանց իրական իմաստը և մարգարեությունները․(Ա․Կոր․2։14 -16)։
«այն եօթը գլուխը եօթը սարեր են»․
Թեպետ, որոշ մեկնաբաններ պնդում են, որ այդ յոթ սարերը Հռոմ քաղաքն են ներկայացնում, քանի որ Հռոմը հիմնված է յոթ բլուրների վրա։ Սակայն արդեն ասացինք, որ այս խոսքերը խորհրդապատկերներ են և ոչ թե իրական սարեր։ Հետևաբար դրանք չեն կարող լինել Հռոմի յոթ բլուրները։
«որոնց վերայ նստած է Կինը՝․․․»
Սիրելի բարեկամնե՛ր, քանի որ մեր սերտողության նյութը ծովից դուրս եկեղ Գազանն է։ Եվ որպեսզի մեր թեմայից չշեղվենք, խոսելու ենք նրա մասին։
Իսկ Կնոջ մասին, առավել մանրամասն կխոսենք հետագայում։
«…եւ եօթը թագաւորներ»
Իհարկե, եթե թագավորներ են, ուրեմն նրանք ունեն իրենց թագավորությունները։
Գիտենք, որ յոթ թիվն ամբողջություն է ցույց տալիս։ Այդ պատճառով, պետք է հասկանալ, որ այս յոթ թագավորներն իրենց թագավորություններով հանդերձ կազմում են Չարի և հակառակության համաշխարհային համակարգը, որոնց գերագույն հրամանատարը Սատանան է։
Իսկ որո՞նք են այդ թագավորներն և իրենց թագավորությունները, որոնց մասին խոսվում է այս համարների շարունակության մեջ․
«․․․որոնցից հինգն ընկան»։
Սիրելիներ, հիշենք Նաբուգոդոնոսոր թագավորի տեսած երազը՝ հսկա արձանի մասին, որի նշանակությունը Դանիել մարգարեն մեկնաբանեց նրան՝ ՏԻՐՈՋ Շնորհքով․
«Քեզ՝ ով թագաւոր, այսպիսի տեսիլք երևաց․ ահա ինչ որ մեծ արձան. Այդ արձանը վիթխարի էր եւ արտակարգ պայծառությամբ, նա կանգնած էր քո առջև, եւ նորա տեսքն ահաւոր էր։ Այս արձանի գլուխը մաքուր ոսկիից էր, նորա կուրծքը եւ նորա բազուկները՝ արծաթից, նորա որովայնն ու ազդրերը՝ պղնձից. նորա սրունքները՝ երկաթից, նորա ոտները՝ մէկ մասը երկաթից մէկ մասը կաւից։» (Դան․2։31-33)։
Այնուհետև Դանիել մարգարեն, մեկնաբանում է Նաբուգոդոնոսոր թագավորի երազը և այսպես է ասում․
1) «նորա այն ոսկի գլուխը դու ես։» (Դան․2։38 գ)։
Սա Բաբելոնի թագավորությունն է, Նաբուգոդոնոսորի թագավորությամբ․ (ն․Ք․612-538թ․)։
2) «Եւ քեզանից յետոյ վեր է կենալու մի ուրիշ թագաւորութիւն՝ քեզանից ցած.»
(Դան․2։39 ա)։
Սա մարաց և պարսից թագավորությունն է․ (ն․Ք․538-331թ․)։
3) «Եւ մի ուրիշ երրորդ թագաւորութիւն պղնձից, որ կ’տիրէ բոլոր երկրին։»
(Դան․2։39 բ)։
Սա հունաց թագավորությունն է Ալեքսանդր Մակեդոնացու թագավորությամբ․ (ն․Ք․331-168թ․)։
4) «Եւ չորրորդ թագաւորութիւնը պինդ կ’լինի երկաթի նման. ինչպես երկաթը ջարդում եւ փշրում է ամեն բան, այնպես էլ սա, ամեն բան կոտրատող երկաթին նման՝ կ’փշրէ եւ կ’կոտրատէ։» (Դան․2։40)։
Սա հռոմեական թագավորությունն է․ (ն․Ք․168թ․)։
5) «Եւ որ տեսար ոտները եւ մատերը՝ մի մասը բրուտի կաւից, եւ մի մասը երկաթից, դա մի բաժանուած թագաւորութիւն է լինելու, եւ երկաթի պնդութիւնիցն է ունենալու, որովհետեւ տեսար երկաթը տղմուտ կաւի հետ խառնուած։ Եւ ոտների մատերը՝ մի մասը երկաթից, մի մասը կաւից՝ սա է, թէ այն թագաւորութիւնը մասամբ պինդ է լինելու, եւ մէկ մասը դիւրաբեկ է լինելու։» (Դան․2։41-42)։
Սա էլ եվրոպական տաս իշխանություններ են, որոնք առաջացան հռոմեական կայսրության անկման ու բաժանման արդյունքում․ (հ․Ք․351-476թ․)։
Սիրելի բարեկամնե՛ր, ահա սրանք են այն հինգ թագավորությունները, որ ընկել են, շա՜տ դարեր առաջ։
ՏԻՐՈՋ Շնորհքով շարունակենք (Հայտ․17։10) — ի մեկնաբանությունը․
«…մէկը կայ»․
Ըստ ժամանակագրության, Հովհաննես Առաքյալը, Հայտնության Գրքի մարգարեությունները ՏԻՐՈՋԻՑ ստացել է մոտավորապես 90-96 թ․ ժամանակամիջոցում։ Իսկ այդ ժամանակ Հրեաստանը գտնվում էր հռոմեական կայսրության տիրապետության ներքո։ Նշանակում է վեցերրորդ թագավորությունը, տվյալ ժամանակվա հռոմեական կայսրությունն է։ Մնաց՝ յոթերրորդը։
«իսկ միւսը դեռ չէ եկել։ Եւ երբոր գայ՝ մի քիչ ժամանակ պէտք է մնայ։»
Սա էլ Հակաքրիստոսի՝ Նեռի թագավորությունն է, որ երկրի վրա լինելու է Եկեղեցու հափշտակությունից հետո։ «Քիչ ժամանակը» յոթնյակի առաջին երեք ու կես տարիներն են։ Այդ մասին մարգարեացել է Դանիել մարգարեն․
«Եւ նա [եկող իշխանը՝ Նեռը] պիտի զօրացնէ ուխտը շատերի համար մէկ եօթնեակ, եւ եօթնեակի կէսին պիտի դադարեցնէ զոհը եւ պատարագը.․․» (Դան․9։27ա)։
Սիրելի բարեկամնե՛ր, ՏԻՐՈՋ Շնորհքով, քննելով ԻՐ ԽՈՍՔԸ, տեսանք, որ ծովից դուրս եկեղ Գազանը, ոչ այլ ինչ է, քան Չարի հեթանոսական, հակաքրիստոնեական պետությունների և իշխանությունների համաշխարհային միասնությունը, իր թագավորներով հադերձ, որոնց գերագույն հրամանատարը Սատանան է։
Տեսանք և հասկացանք, թե իրականում ի՞նչ են խորհրդանշում Գազանի յոթ գլուխները։
Դրանք յոթ թագավորություններ են, որոնցից վեցն արդեն անցյալում են, իսկ յոթերրորդի ժամանակը դեռևս չի եկել։ Իսկ երբ գա, դա լինելու է Հակաքրիստոսի՝ Նեռի թագավորությունը, որի գալուստը, (դատելով այսօր աշխարհում տեղի ունեցող որոշակի իրադարձություններից ու նշաններից) բոլորովին էլ հեռու չէ, այլ շա՜տ մոտ է։
Եվ այդ փաստը, ամենքիս համար էլ ամենայն լուրջությամբ խորհելու կարևոր առիթ է։
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով՝ ԻՐ ծառան՝ Ս.Շ.
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …