70-ՐԴ ՅՈԹՆՅԱԿՆ ԱՆՑԵ՞Լ Է, ԹԵ՞ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՊԻՏԻ ԳԱ
Ընդհանրապես 70-րդ յոթնյակին վերաբերվող մեկնաբանությունները բաժանվում են երկու տեսակետների:
Մեզանից առաջ այս թեմաներն ուսումնասիրած Աստվածաբանների առաջին խումբը հավատում է, որ վերջին՝ 70-րդ յոթնյակի ժամանակը վաղուց անցած է, որ ՔՐԻՍՏՈՍԻ առաջին Գալուստից հետո, առաջին դարում, ամեն բան կատարվեց և ավարտվեց հենց այնպես, ինչպես որ մարգարեացել էր Դանիել մարգարեն իր մարգաեության (9:24-27) համարներում:
Եվ իրենց տեսակետն ապացուցելու համար ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՑ տարբեր հատվածներ են մեջբերում:
Երկրորդ խումբը հավատում է, որ 70-րդ յոթնյակի կատարման ժամանակը ՏԵՐԸ հետաձգել է միայն ԻՐԵՆ հայտնի ժամանակով, (որի մասին առաջիկա սերտողություններում կխոսենք ՏԻՐՈՋ շնորհքով):
Նրանք հավատում են նաև, որ 70-րդ յոթնյակը, դա Մեծ Նեղության յոթ տարիներն են, որ սկսվելու են Եկեղեցու Երկինք հափշտակվելուց անմիջապես հետո և ավարտվելու են ՔՐԻՍՏՈՍԻ Երկրորդ Գալուստով:
Սիրելի բարեկամնե՛ր, նախապես ասեմ, որ հետագա բոլոր սերտողություններս, ՏԻՐՈՋ առաջնորդությամբ տանելու եմ երկրորդ խմբի տեսակետների համեմատ:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մի քանի ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ 70-րդ յոթնյակի կատարման ժամանակը դեռևս չի հասել:
Օրինակ. եթե ընդունենք, որ 70-րդ յոթնյակն արդեն եղել ավարտվել է, ինչպես պնդում է առաջին խումբը, ապա ինչու՞ 9:24-ում նշված մարգարեությունները ցայսօր իրականացված չեն:
Դան. 9:24-ը հունարենից թարգմանաբար երևի թե այսպես պետք է հասկանալ.
«…որպեսզի ապստամբությունը [հանցանքը] դադարի, մեղքերը կնքվեն, անօրենությունները ծածկվեն, և որպեսզի հավիտենական արդարությունը ներս բերվի, և կնքված լինեն տեսիլքն ու մարգարեները, և օծված լինի Սրբության Սրբոցը»: — Դան. 9:24
նշված «հանցանք» բառի հունարենից առաջնային թարգմանությունն է. ապստամբություն, բունտ, անօրինություն:
ա) Ապստամբությունը [հանցանքը] դադարի…
Արդյոք արդեն դադարե՞լ են ապստամբություններն ԱՍՏԾՈ դեմ, այլևս ըմբոստացողներ չկա՞ն, բոլորը հնազա՞նդ են ԱՍՏԾՈՒՆ: Իհարկե ո՛չ:
Գիտենք, որ ԱՍՏԾՈ դեմ առաջին ապստամբողը սատանան էր՝ իր հրեշտակներով հանդերձ: Այնուհետև՝ մարդը, որը ցայսօր էլ չի դադարում ԱՍՏԾՈ դեմ ապստամբելուց և անօրենություններ գործելուց:
Իսրայելի մեծամասնությունն ապստամբ է: Նրանք մինչ օրս ՔՐԻՍՏՈՍԻՆ դեռ չեն ընդունել, այլ առաջնորդվում են մովսիսական օրենքներով:
Նշանակում է ապստամբությունները դեռևս դադարեցված չեն:
բ) Մեղքերը կնքվեն, անօրենությունները ծածկվեն…
Թարգմանության մեջ բացատրված է նաև՝ «ձյութապատվեն»:
Սա նշանակում է․ մեղքերը հավաքել դնել ինչ որ բանի մեջ, ձյութապատել, և վրան կնիք դնել, որ ոչ ոք չկարողանա բացել:
Իհարկե այդպիսի բան դեռևս չի եղել և մեղքերն առատորեն շարունակվում են գործվել երկրի վրա և երկնքում (ի նկատի ունեմ դևերին): Սա էլ դեռ չի իրականացել:
Սակայն գալու է ժամանակ, որ և՛ բոլոր մեղավորները, և՛ նրանց մեղքի դրդողները, և՛ բոլոր գայթակղությունները հավաքվելու են երկրի վրայից և երկնքից: Այսինքն երկիրը մաքրվելու է մեղավորներից, մեղքի դրդողներից և մեղքի գայթակղություններից: Իսկ դա ե՞րբ է լինելու:
Այս մարգարեության իրականացման ժամանակի մասին անձամբ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ վկայեց.
«Մարդի Որդին կ’ուղարկէ իր հրեշտակներին, եւ նորա արքայութիւնիցը կ’հաւաքեն բոլոր գայթակղութիւնները եւ անօրէնութիւն գործողներին. Եւ կ’գցեն նորանց կրակի փռան մէջ. այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։» — Մատթ.13:41-42
Ինչպես գիտենք, սա «Որոմների առակն» է և առակի մեջ պարզ նշված է դրա կատարման ժամանակը՝ աշխարհի վերջում, ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ Երկրորդ Գալստյան ժամանակ:
Արդյոք աշխարհի վերջն արդեն եղե՞լ է: ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ եկե՞լ է: Իսկ ո՞ր ժամանակաշրջանում ենք ապրում մենք ներկայումս: Տեսնում ենք, որ այս երկու մարգարեություններն էլ դեռ կատարված չեն:
Մեծ Նեղության՝ այսինքն 70-րդ յոթնյակի ավարտին, մարդկանց և հրեշտակներին մոլորեցնող և գայթակղող Անօրենը՝ Սատանան, ԱՍՏԾՈ հրամանով, նախ պետք է բանտարկվի Դժոխքում 1000 տարով, և բանտը պետք է կնքվի ԱՍՏԾՈ Կնիքով․
«Եւ նա բռնեց այն Վիշապին՝ այն առաջի Օձին, որ է Բանսարկուն եւ Սատանան, եւ կապեց նորան հազար տարի։» — Հայտ.20:2
1000 տարին լրանալուց հետո, Սատանան մի կարճ ժամանակով արձակվելու է: Նա մի վերջին պատերազմ է հրահրելու ԱՍՏԾՈ դեմ, սակայն Երկնքից կրակ է իջնելու և լափելու է նրան և իր զորքին:
Այնուհետև նրանք ստանալով իրենց վերջնական դատավճիռը, ուղարկվելու են Կրակե Լիճ՝ Գեհեն, որ այնտեղ տառապեն հավիտյանս հավիտենից․
«Եւ երկնքիցը Կրակ իջաւ Աստուածանից եւ լափեց նորանց. Եւ Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ Կրակի եւ Ծծմբի Լիճը, ուր որ էին Գազանը եւ Սուտ Մարգարէն։ Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից։» Հայտ.20:9-10
գ) Հավիտենական արդարություն…
Հավանաբար սա Հազարամյա Թագավորության շրջանն է, կամ էլ Երկնային Երուսաղեմը, (այդ մասին հնարավոր է խոսենք հետագայում:), սակայն ոչ երբեք առաջին դարից սկսած՝ ցայսօր ընկած որևէ ժամանակաշրջան:
դ) Կնքված լինեն տեսիլքն ու մարգարեները…
Այսինքն այդ ժամանակ, այլևս կարիք չի լինի ընթերցելու և քննելու Սուրբ Գրքի մարգարեությունները և մարգարեական հայտնությունները, երազները, քանի որ ամեն մարգարեություն և ամեն հայտնություն արդեն կատարված, ավարտված է լինելու:
Արդյոք այսօր բոլոր մարգարեությունները կատարվա՞ծ են և արդյոք դրանք կարդալու և ՏԻՐՈՋ շնորհքով քննելու կարիք այլևս չկա՞:
Եթե չկա, ապա ինչու՞ ենք շարունակում մշտապես քննել ԱՍՏԾՈ ԽՈՍՔԻ մարգարեությունները:
ե) …և օծված լինի Սրբության Սրբոցը…
Կարծում ենք, նախ պետք է կառուցվի Տաճարը, Սրբության Սրբոցը՝ Նրա մեջ, և այնուհետև՝ օծվի:
Մեր հետագա սերտողությունների մեջ կհամոզվենք, որ 9:27-ում եղած մարգարեությունները նույնպես դեռևս իրականացած չեն:
Սիրելի բարեկամնե՛ր, ՏԻՐՈՋ Շնորհքով և առաջնորդությամբ քննեցինք Դան․9։24-26 համարները և համոզվեցինք, որ Դանիելի մարգարեության 70-րդ յոթնյակի ժամանակները դեռևս չեն եկել։
Հաջորդ անգամ, ՏԻՐՈՋ Շնորհքով խոսելու ենք Եկեղեցու Երկինք հափշտակման մասին:
ՏԻՐՈՋ շնորհքով, ԻՐ տկար ծառան՝ Ս.Շ.
(շարունակությունը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …