ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՊԱՐԳԵՎԸ ԴԱ ԼԵԶՎԱԽՈՍՈՒԹՅՈՒ՞ ՆՆ Է
(նախորդը տես հետևյալ հղումով.)
Ո՞ՐՆ Է «ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՊԱՐԳԵՎԸ»
Սիրելի բարեկամներ, ԱՍՏԾՈ ԽՈՍՔՈՒՄ հանդիպում ենք «ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Պարգև» արտահայտությանը։ Այս արտահայտությունը տարբեր մեկնաբաննների կողմից տարբեր կերպերով է մեկնաբանվում։
Որոշ մեկնաբաններ ասում են, որ դա օտար, անհասկանալի, անթարգմանելի և անիրական լեզվով «աղոթելու» «պարգևն» է, որ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ տալիս է ԻՐ Եկեղեցու անդամներին։
Իսկ այդ «պարգևը» կարելի է ստանալ ԱՍՏԾՈՒՆ աղոթելով, խնդրելով, կամ եկեղեցու պաշտոնյաների ձեռնադրումով, կամ էլ մի այլ կերպ։
Եվ ի հաստատումն իրենց ասածների մի քանի սուրբգրային համարներ են մատնանշում։
ՏԻՐՈՋ Շնորհքով, ԻՐ ՍՈՒՐԲ ԽՈՍՔԻՑ քննարկենք դրանցից մի քանիսը և համոզվենք․ իրո՞ք դա այդպես է։
Մի առիթով ՏԵՐ ՀԻՍՈՒՍՆ ԻՐ աշակերտներին ուսուցանելիս այսպես ասեց․
«Եւ ձեզանից ո՞ր հայրն է, որ իր որդին հաց ուզէ, քա՞ր կ’տայ նորան։ Կամ եթէ ձուկ՝ ձկան տեղ օ՞ձ կ’տայ նորան։ Եւ կամ, եթե ձու ուզէ, կարի՞ճ կ’տայ նորան։ Արդ, եթէ դուք չար լինելով հանդերձ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր զավակներին, էլ ո՞րքան աւելի Երկնաւոր Հայրը՝ Սուրբ Հոգին կ’տայ Իրենից խնդրողներին։» (Ղուկ․11։11-13)։
Այստեղ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ որդեսիրության մի քանի օրինակներ է բերում, ցույց տալու մարմնավոր հայրերի սերն ու կամեցողությունը իրենց զավակների նկատմամբ։
Հետո ցույց է տալիս Երկնավոր ՀՈՐ Սերն ու կամեցողությունը, ԻՐԵՆ ճանաչողների, ԻՐԵՆ հավատացողների և ԻՐԵՆԻՑ որևէ բան խնդրողների նկատմամբ։
Վերջում ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ համեմատություն է անում ասելով, որ եթե մարդն ի ծնե չար բնություն ունենալով հանդերձ, իրենից խնդրող իր զավակներին չի տալիս չար բաներ, այլ բարի բաներ է տալիս, ապա չէ՞ք կարծում, որ Երկնավոր ՀԱՅՐԸ, որ ԲԱՐԻՆ Է, Իրեն ճանաչողներին, Իրեն հուսացողներին և Իրենից խնդրողներին, ոչ թե միայն նրանց խնդրվածքները կտա, այլ նաև ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ կտա նրանց՝ որպես Գերագույն հոգևոր Պարգև։
Եվ սա ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ խոստումներից մեկն էր՝ Իրեն հավատացողներին։
Սուրբ Ավետարանում ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ այս խոստմանը հանդիպում ենք մի քանի այլ տեղերում ևս․
ՏԵՐ ՀԻՍՈՒՍՆ ԻՐ Աշակերտներին խոստացել էր, որ ԻՐ Երկինք գնալուց հետո, մի ուրիշ Մխիթարիչ կուղարկի աշխարհ՝ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ․
«Եւ Ես Հօրը կ’աղաչեմ եւ ուրիշ Մխիթարիչ կ’տայ ձեզ, որ մնայ ձեզ հետ յաւիտեան։ Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. որ չէ տեսնում նորան։ Եւ ոչ էլ ճանաչում է Նորան։ Բայց դուք Նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կ’լինի։» (Հովհ․14։16-17)։
Նաև (Ղուկ․24։49); (Հովհ․15։26); (Հովհ․16։7) և այլն։
Քանի դեռ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ երկրի վրա էր, և քանի դեռ չէր փառավորված, ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, որպես պարգև դեռևս տրված չէր ԻՐԵՆ հավատացողներին․
«Սա ասեց այն Հոգու համար, որ ընդունելու էին Նորան հաւատացողները, որովհետեւ Սուրբ Հոգին դեռ տրուած չէր, որովհետեւ Յիսուսը դեռ չէր փառաւորուած։» (Հովհ․7։39)։
Կարելի է ասել, որ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ հոգևոր Գերագույն Պարգև է՝ տրված բոլոր Վերստին ծնված քրիստոնյաներին։
ԻՍԿ ՊԱՐԳԵՎՆ Ի՞ՆՉ Է։
Պարգևը դա ԱՍՏԾՈՒՑ տրվող նվեր է՝ հոգևոր Շնորհք, որին արժանի չէ ոչ ոք։
Եվ ԱՍՏՎԱԾ, որ մեծ է ԻՐ ողորմությամբ, մեղավոր անձին Դժոխքի հավիտենական դատապարտությունից փրկում է Իր Շնորհքով։
Եվ այդ Շնորհքը, ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ փոխանորդական մահն է խաչի վրա, քանզի մեղավորի մեղքերի գինը, (որ մահն է՝ Դժոխքի դատապարտությունը․ (Հռով․6։23 ), ՏԵՐ ՀԻՍՈՒՍԸ սիրահոժար վճարեց։
Մեղավոր անձի Դժոխքից փրկվելու հնարավորությունը՝ Շնորհքը, որպես նվեր, որպես Պարգև, ԱՍՏՎԱԾ տվեց բոլոր Իրեն հավատացողներին, ովքեր ՔՐԻՍՏՈՍԻՆ որպես իրենց կյանքի ՓՐԿԻՉ և ՏԵՐ են դավանում․
«Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, Իր շատ սէրի համար, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք յանցանքներում, մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ։ Շնորհքով էք փրկուած։» (Եփես․2։4-5)։
Նաև․
«Որովհետեւ Շնորհքով էք փրկուած՝ հաւատքի ձեռով։. Եւ սա ոչ թէ ձեզանից է, այլ Աստուծոյ Պարգեւն է։ Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ։» (Եփես․2։8-9)։
Կրկնենք, որ ԱՍՏԾՈ Շնորհքով փրկված յուրաքանչյուր Վերստին ծնված քրիստոնյա, որպես հոգևոր Պարգև, իր մեջ մշտապես բնակված ունի ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ․
Երբ մեղավոր անձը, լսելով և հավատալով իր Փրկության Ավետարանին և ՀԻՍՈՒՍԻՆ, որպես իր կյանքի ՏԵՐ դավանելով՝ Վերստին է ծնվում, այսինքն մկրտվում է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՎ, այդ պահից ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ մտնում է քրիստոնյայի մեջ և մշտական բնակություն է հաստատում նրանում.(Եփես․1։13-14); (Ա․Կոր․6։19)։
Եվ ոչ միայն բնակվում է նրա մեջ, այլ նաև Կնքում, և Օծում է տվյալ քրիստոնյային․
«Բայց մեզ, ձեզ հետ Քրիստոսումը Հաստատողը եւ մեզ Օծողը Աստուած է. որ մեզ Կնքեց էլ. եւ Հոգու Գրաւը մեր սրտերի մէջ տուաւ։» (Ա․Կոր․1։21-22)։
Հոգու Գրավը հենց հոգևոր Պարգևն է՝ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, Ով մշտապես բնակվում է Վերստին ծնված քրիստոնյայի մեջ․(Եփես․1։14)։
Ահավասիք ևս մեկ ապացույց․
«Եւ այն Օծութիւնը [ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ], որ դուք ընդունեցիք Նորանից, բնակվում է ձեզանում։ Եւ դուք պէտք չ’ունիք, որ մէկը սովորեցնէ ձեզ։ Այլ ինչպէս այն Օծութիւնը սովորեցնում է ձեզ՝ ամեն բանի համար, Ճշմարիտ էլ է եւ սուտ չէ։ Եւ ինչպէս Նա սովորեցրեց ձեզ, կացէ՛ք Նորանում։» (Ա․Հովհ․2։27)։
Փաստորեն ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, որպես հոգևոր Պարգև՞ է տրված քրիստոնյաներին։ Այո՛։ Ե՛վ որպես Պարգև և՛ որպես գրավական։
Նշենք նաև, որ հոգևոր Պարգևը չեն խնդրում, ոչ էլ վճարում են Նրա համար։ Այլ Պարգևը ձրի է տրվում՝ ԱՍՏԾՈ կողմից։
Հենց դա է ԱՍՏԾՈ ձրի Շնորհքը, որով փրկվում ենք (Եփես․2։8-9)։
Ուրեմն անիմաստ է ԱՍՏԾՈՒՑ խնդրել ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, մանավանդ, երբ ՆՐԱՆ չես էլ ճանաչում․․․ Սուրբ Ավետարանում էլ չենք գտնի գեթ մեկ օրինակ, որտեղ մեղավոր անձը ԱՍՏԾՈՒՑ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ խնդրեր։
Սիրելի բարեկամնե՛ր, արդյոք այս համարների մեջ, անհասկանալի լեզուներով «աղոթելու» «պարգևի» մասին խոսք, կամ ակնարկ կա՞։ Ո՛չ։ Չկա ոչ մի խոսք, կամ որևէ ակնարկ։
Նույնն է պարագան, նաև (Գործ․2։37-39) – ում։ Ժամանակ և տարածություն խնայելու պատճառով, այս հատվածի ընդարձակ քննարկում չենք անի։ Սակայն եթե կարիք լինի՝ կանենք։
«Եւ երբոր այս լսեցին, իրանց սրտերումը զղջացին. Եւ ասեցին Պետրոսին եւ միւս առաքեալներին․ «Ի՞նչ անենք, մարդիկ, եղբարք։» Պետրոսն էլ նորանց ասեց. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար։ Եվ Սուրբ Հոգու Պարգեւը կ’ընդունիք։ Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը, եւ այն ամեն հեռաւորների համար, որոնց մեր Տէր Աստուածը կ’կանչէ։» (Գործ․2։37-39)։
38-րդ համարի շարադրանքը, կամ միգուց ե թարգմանությունը մի քիչ դժվար ըմբռնելի է։ Այդ պատճառով հարկ է ուշադիր լինենք, որ չշեղվենք Ճշմարտությունից։
Դրա համար (Գործ․2։38) – ը կարելի է պարզեցնել, այսպես ձևակերպել և մեկնաբանել ՍՈՒՐԲ ԳՐՔԻ վարդապետության համաձայն։ Կարծում ենք դրանից համարի իմաստը չի փոխվի։
«Ձեր մեղքերի թողության համար՝ ապաշխարեցեք, և որպես Պարգև՝ կստանաք նախապես խոստացված ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ։ Այնուհետև հարկ է, որ մկրտվեք ջրային մկրտությունով՝ ՀՈՐ, ՈՐԴՈՒ և ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ անունով»․ (Գործ․2։38)։
Այս հերթականությունն ավելի պարզ է և հասկանալի։
Իսկ ՏԵՐ ՀԻՍՈՒՍԻ նախապես խոստացած ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ (Գործ․1։5,8), տրվեց փրկվողներին Պենտեկոստեի տոնի օրը (Գործ․2։4)։
Այստեղ (Գործ․2։38) ևս տեսնում ենք, որ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, որպես հոգևոր Պարգև, ԱՍՏԾՈՒՑ տրվում է փրկվողներին։
ԱՄՓՈՓՈՒՄ։
Սիրելի բարեկամնե՛ր, այս բոլոր համարները ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկելուց հետո, տեսնում ենք, որ․
- ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Պարգևը – անհասկանալի, անթարգմանելի և անիրական լեզվով «աղոթելու» «պարգև» չէ։ Այլ դա ԱՍՏԾՈ ձրի Շնորհքն է, Որով փրկվում են բոլոր ՔՐԻՍՏՈՍԻՆ հավատացողները․ (Եփես․2։8-9)։
- Որևէ հոգևոր պարգև, մանավանդ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ Գերագույն Պարգևը ստանում են․ ո՛չ աղոթելով, ո՛չ խնդրելով, ո՛չ որևէ մեկի ձեռնադրությամբ, ո՛չ էլ որևէ մեկի միջամտությամբ։
Այլ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ, որպես Պարգև, ԱՍՏՎԱԾ տալիս է բոլոր Վերստին ծնվող քրիստոնյաներին․ (Եփես․1։13-14), (Ա․Կոր․1։21-22); (Ա․Հովհ․2։27) և այլն։
ՔՐԻՍՏՈՍԻ սիրով, ԻՐ տկար ծառան՝ Ս․Շ․
(հաջորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․)
- Հոդվածներ
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 7)
ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ ԵՎ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱ (նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) ՀԱՐՑ – Գլոսսոլալիան դա «Զանազան լեզուներով խոսելու» հոգևոր շնո՞րհն է: ԻՍԿ ԳԼՈՍՍՈԼԱԼԻԱՆ Ի՞ՆՉ Է Վիքիպեդիայի …
Զանազան լեզուներով խոսելու պարգևը ( Քննարկում 6)
(նախորդ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով․) «ԶԱՆԱԶԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԻ» ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԴԵՊՔԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆՈՒՄ Սիրելի բարեկամնե՛ր, նախորդ հոդվածում, ՏԻՐՈՋ Շնորհքով քննարկեցինք ԱՍՏԾՈ կողմից …